ԿարևորՄշակույթ

Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հրավիրում է նշելու թանգարանային գիշերը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Մայիսի 18-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հրավիրում է արվեստասեր հասարակությանը` նշելու թանգարանային գիշերը:  Թանգարանը հյուրերին կընդունի առավոտյան ժամը 10-ից մինչև 24.00-ը: Արդեն 4-րդ տարին է այս կենտրոնը մասնակցում թանգարանային գիշերվան և ունեցել է 40.000-ից ավելի այցելու: Նշենք, որ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են Ջերարդ Գաֆեսճյանի լայնածավալ հավաքածուն: Այս տարի Գաֆեսճյան արվեստի կենտրոնը  պատրաստել է նոր միջոցառումներ:

Այս տարի թանգարանային գիշերը,  համընկել է թանգարանի միջազգային օրվա հետ: Մայիսի 18-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հրավիրում է նշելու այս օրերը: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի տնօրեն Աստղիկ Մեհրաբյանի խոսքով` այս տարի թանգարանը հանրությանը կներկայա աննախադեպ ծրագրերով:

«Երկու նոր ցուցադրությունների բացում, որոնք որ ներկայացնում են Գաֆեսճյանի հավաքածուից: Ցուցադրություններից մեկը կոչվում է փոփ հաղորդակցում, առաջին անգամ Հայաստանում կներկայացնի արևմուտքում` մասնավորապես Ամերիկայում դեռևս նախորդ դարի 50-60 թվականներին մեծ ճանաչում ստացած փոփ արտ շարժումը և հետաքրքությունը կայանում է նրանով, որ լինելով առաջին փոփ արտ շարժման ներկայացումը Հայաստանում այն հիմնականում ընդգրկում է արվեստագետներ, ովքեր մեծ ներդրում են ունեցել այդ ուղղության զարգացմանը ԱՄՆ-ում և Բրիտանիայում»:

Երկրորդ ցուցադրությունում հանրության դատին կներկայացվի  ապակեգործության ոլորտում մեծ համբավ վայելող ամերիկացի ապակեգործ Դեյլ Չիհուլիի սոլո ցուցադրությունը, որի շրջանակներում կցուցադրվի նաև վերջինիս «Իկեբանա» ինստալացիան, որն էլ,  կենտրոնի հանրային ծրագրերի տնօրենի կարծիքով, մեծ ոգևորություն  կառաջացնի հասարակության մեջ:

Բոլոր ցուցահանդեսներին զուգահեռ Գաֆեսճյան արվեստի  կենտրոնում կազմակերպվում են  նաև կրթական ծրագրեր, որի նպատակն է արվեստը մոտեցնել հասարակությանը: Թանգարանային գիշերվա շրջանակներում արվեստի կենտրոնը պատրաստել է 3 կրթական ծրագիր:

Հատուկ միջոցառումների սրահում ժամը 12,00-ից կցուցադրվի Դեյլ Չիհուլիի ստեղծագործությունների վերաբերյալ 3 ֆիլմ: Տեղեկացնենք, որ մայիսի 18-ին թանգարան այցելուների մուտքն անվճար է:  Գաֆեսճյան արվեստի կենտրոնը 2012 թվականին  ունեցել է մոտ 1 միլիոն այցելու:

Ցուցադրել ավելի
Back to top button