ԿարևորՏնտեսական

Գազի սակագնի բարձրացման տնտեսական հետեւանքները. թանկացումներն անխուսափելի են

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Երեկվանից մամուլի ակումբներում, քաղաքական եւ տնտեսական շրջանակներում ու սոցկայքերում ամենաբուռն քննարկվող թեման գազի սակագների բարձրացման հարցն է: Հիշեցնեմ` երեկ հայտնի դարձավ, որ «ՀայՌուսգազարդը» դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով բնական գազի գործող սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի (ներառյալ ԱԱՀ): Սա կտրուկ բարձրացում է` ընդհուպ մինչեւ 67 տոկոսով:
Թեեւ նշված հանձնաժողովը դեռ պետք է քննարկի բարձրացման չափը` փորձելով դա նվազագույն չափով հաստատել, սակայն տնտեսագետներն իրական մտահոգություններ ունեն` գազի սակագների էական բարձրացումից չենք խուսափելու:
Քաղաքական շրջանակներում քննադատում են իշխանությանը` պնդելով` գազի թանկացման մասին լուրի հրապարակումը հետաձգվում էր հասկանալի պատճառներով՝ առջեւում ընտրություններ էին եւ ավելորդ լարվածությունից պետք էր խուսափել:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, սակայն, հակված է կարծել, որ գնի վերանայումը Ռուսաստանի գործն է: Հայաստանի իշխանությունների առանձնակի մեղքը դրանում չկա: 

Թաթուլ Մանասերյանը կիսում է գնաճի անխուսափելի լինելու մասին տեսակետերը: Սա մեր զգայուն տնտեսության համար խիստ անցանկալի է, ասում է:
Սակայն միաժամանակ համոզված է` տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանն ավելի վատթար դիրքերում չէ: Գնաճը կարելի է զսպել կանխատեսվածից մինչեւ 3 տոկոս ավելիի շրջանակներում, եթե գազի սակագինը թիրախավորված կերպով սուբսիդավորվի հասարակության ավելի խոցելի շերտերի համար:
Շատ տնտեսագետներ, սակայն, առավել հոռետեսական գնահատումներ ունեն: Գազի թանկացումն անմիջականորեն անդրադառնալու է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա: 1 խմ-ի գազի գործող սակագինը 132 դրամից եթե թանկանա մինչեւ 221 դրամի, այսինքն 89 դրամով կամ 67 տոկոսով, բնականաբար, դա շղթայական ռեակցիայով անդրադառնալու է մյուս ապրանքների գների վրա:
Մասնագետների կանխատեսումներով` թանկանալու է տրանսպորտը ընդհուպ մինչեւ մինչեւ 100 դրամով, էլեկտրաէներգիան, սննդամթերքը: Որոշ տնտեսագետներ, այդ թվում տ
նտեսագետ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, մինչեւ 90 տոկոսի թանկացումներ են սպասում:
Գազի թանկացմանը վրդովմունքով արձագանքեց նաեւ տնտեսագետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա սուտ է համարում հայտարարությունը, թե Հայաստանը մինչ այժմ տարածաշրջանում ամենաէժան գնով էր գազ ձեռք բերում:
Վրաստանում մինչ օրս վճարում էր 110 000 դրամ, իսկ Հայաստանում դեռ գործող գնով` 132 000 դրամ։Ըստ նրա՝ եթե հաշվի առնենք գազի որակը և հայաստանյան ստանդարտները, այն, որ կալորիականությունը եվրոպականից ցածր է, ապա հայ սպառողն իրականում վճարում է 420 դոլար։
Բագրատյանն այն դիտարկմանն է, որ մեկ միավոր գազի գնի բարձրացումը կրճատում է սպառումը ավելի քան 1 միավորով:

«Հայաստանում ասում են` թե մենք չլինեինք, գինն ավելի բարձր կլիներ։ Իսկ ո՞վ է վերլուծելու, թե այդ ի՞նչի համեմատ ավելի բարձր պետք է լիներ», – հայտարարում է Հրանտ Բագրատյանը։
Կանխատեոսումները կանխատեսումներ, սակայն եթե գազի եւ այլ ապրանքների թանկացումներին գումարենք նաեւ վերջին օրերի կարկատահարությունը, ապա վստահ կարելի է ասել, որ 2013-ը թանկացումներով առատ տարի է լինելու:

Back to top button