ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 13-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Լորան Ֆաբիուսը շնորհավորել է նրան ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ու ընդգծել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գերազանց են, և այս այցելությունը լավ առիթ է ամփոփելու ձեռքբերումները և քննարկելու տարբեր բնագավառներում դրանց առավել զարգացման հնարավորությունները:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և Փարիզ այցելելու հրավերի համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ֆրանսիային և Հայաստանին միավորում են հատուկ հարաբերությունները, որոնք խարսխված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա, և բնական է, որ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո նա իր առաջին այցելություններից մեկը կատարում է բարեկամ Ֆրանսիա:

Նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ակտիվ համագործակցություն է ընթանում գիտակրթական և մշակութային ոլորտներում: Ֆրանսիայի և Հայաստանի արտգործնախարարներն ընդգծել են տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճը և այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները: Զրուցակիցները անդրադարձել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի ստանձնելիք նախագահությանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը:
Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:
Բանակցությունների օրակարգում է եղել նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել Իրանի միջուկային ծրագրին, սիրիական ճգնաժամի լուծման նպատակով ձեռնարկվող ջանքերին։

Ցուցադրել ավելի
Back to top button