ՀՀՇ հիմնադիր անդամները վերագրանցում են կուսակցությունը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
2013 թվականի փետրվարի 23-ին ավարտվեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության գործունեությունը: Անվանափոխման պատրվակով դադարեցվեց Ղարաբաղյան շարժմամբ ծնունդ առած, ՀՀ ակունքներում կանգնած ՀՀՇ կուսակցության գործունեությունը, այսօր հայտարարել են ՀՀՇ հիմնադիր մի շարք անդամներ։
Կարապետ Ռուբինյանը հայտարարել է, որ կուսակցությունը սկսում է կազմավորման գործընթացը:
ՀՀՇ- ն վերագրանցելու գործը նախաձեռնել են Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանն ու Հովհաննես Իգիթյանը:
Վերջիններս նշել են, որ լինելով ՀՀՇ կուսակցության հիմնադիր անդամներ, հավատարիմ մնալով ժողովրդավարության և ազատականության արժեքներին, համաձայն չեն ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզից հանելու, արհեստածին միավորով այն քողարկելու և ստվերելու փորձին` դա համարելով հրաժարում որդեգրած քաղաքականությունից ու սկզբունքներից:
ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի խոսքով` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ ցանկացած կուսակցության, եթե կիսում է նրա քաղաքական գաղափարները և ընդունում կանոնադրությունը:
Կուսակցության նպատակն է վերագրանցվելով պահպանել ՀՀՇ պատմական անունը՝ առաջնորդվելով ժողովրդավարությամբ, կոլեգիալ կառավարման սկզբունքներով վերականգնել սահմանադրական կարգը ՀՀ-ում, հասնել ժողովրդավարության և ազատական արժեքների հաստատմանը:
Կուսակցությունը պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ ցանկացած խնդրի շուրջ և գալ ընդհանուր համաձայնության, սակայն ոչ գաղափարախոսության հաշվին։