Միջազգային

Դեսպան Նավասարդյան. Հայերին Սիրիայից զանգվածաբար հանելուն պետք է պատրաստ լինել

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունները հանգեցրել են լարվածության նաև դիվանագիտական ճակատում: Տարածաշրջանին քաջ ծանոթ Լիբանանում մեր երկրի նախկին դեսպան Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ հակամարտության շուրջ բախվել են Ռուսաստանի, ԱՄՆ, Թուրքիայի, Իրանի, Իսրայելի և այլ ազդեցիկ երկրների շահերը:
Սիրիական գորդյան հանգույցը հանդիսանում է այն հիմնական գործոններից, որոնք ուղղակիորեն անդրադառնում են ռուս-ամերիկյան ներկա հարաբերությունների վրա: Այս կարևոր խնդիրը ներառնված է այս տարի սպասվող ռուս-ամերիկյան բարձր մակարդակի երեք հանդիպումների օրակարգում, նշեց  դեսպան Արման Նավասարդյանը:

Սիրիայում իշխանափոխության կողմնակիցները ԱՄՆ գլխավորությամբ ղեկավարվում են նավթային նկրտումներով, իսկ Ռուսաստանը սարսափում է տարածաշրջանում իսլամիստների դիրքերի ամրապնդումից , ինչը անմիջական կերպով սպառնում է իր ազգային շահերին, մասնավորապես՝ Տարտուսի ռազմածովային հենակետի կորստով, որը ապահովում է նրա ելքը դեպի Միջերկրական ծով:
Այս առումով՝ Մոսկվան հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, նշեց Արման Նավասարդյանը, ով 1998-2001 թվականներին հանդիսանում էր մեր երկրի դեսպանը Լիբանանում:
Անդրդառնալով սիրիահայերի ճակատագրին, նախկին դեսպանը նշեց, որ պետք է պատրաստ լինել նրանց զանգվածաբար Սիրիայից  հանելուն։

Ցուցադրել ավելի
Back to top button