Հասարակություն

Ազատամարտիկներն արժանապատիվ կյանքի բարոյական իրավունքն ունեն

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Մայիսի 11-ից Ազատության հրապարակում նստացույց է սկսել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նրան են միացել մի խումբ այլ ազատամարտիկներ ևս, ովքեր  իշխանություններից  սոցիալական խնդիրնելի լուծում, մասնավորապես կենսաթոշակի հաշվարկման կարգի վերանայում են պահանջում:
Ազատամարտիկները բաձրացրել են մեր իրականության ամենացավոտ խնդիրը և ունեն դրա բարոյական իրավունքը, կարծում է   է  «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով   իշխանություններից  ամենաարագ լուծումներն է սպասում՝ նշելով, որ դրանք  ոչ թե իրավիճակային, այլ հիմնավոր ու  արմատական պետք է  լինեն:
«
Ի՞նչ են ուզում ազատամարտիկները. ընդամենը արժանապատօիվ կյանք: Բոլորը դրա կարիքն ունեն, բայց այս մարդիկ, առավել քան մյուսները, բարոյական բոլոր իրավունքներն  ունեն կառավարությունից պահանջելու դա»:

ԱԺ-ում Հանրապետական կուսակացությունը ներկայացնող Սուքիաս Ավետիսյանի կարծիքով՝  ազատամարտիկների բողոքի պատճառով հարցն այսօր հրատապ է դարձել։ Նա տիկին Բախշյանի հետ համաձայն է այն կետում, որ այս մարդիկ  բարոյական բոլոր իրավունքներն  ունեն սոցիալական  արժանապատիվ վիճակ պահանջելու հարցում:
Ի տարբերություն տիկին Բախշյանի՝ նա, սակայն, չի կարծում, թե այս ուղղությամբ պետությունը ոչինչ չի ձեռնարկում: Որպես օրինակ բնակարանների հատկացման ծրագիրն է  նշում:
«Ամեն տարի ազատամարտիկներին բնակարաններ են տվում, ցուցակներ կան, թե ում՝ առաջնահերթ, ում՝ երկրորդ հերթին»:

Հանրապետական պատգամավորը համաձայն է, որ սահմանափակ թվով բնակարանները բոլոր ազատամարտիկների խնդիրները չեն լուծել: Համաձայն է նաև դիտարկմանը, որ ազատամարտիկների բողոքը ոչ  թե լուծված, այլ՝ չլուծված խնդիրների մասին է խոսում:
Ըստ Սուքիաս Ավետիսյանի ՝ եթե  պահանջը ավելին է, քան հնարավորությունները, ապա դժգոհություն է առաջանում:
Սահմանափակ հնարավորությունների կամ բյուջեի  սուղ միջոցների մասին  հիմնավորումը Անահիտ Բախշյանի համար  բոլորովին ընդունելի չէր:
-Հանրապետական կուսակցությունը, ի դեմս պարոն Ավետիսյանի,  իրավունք չունի ասելու, թե միջոցներ չկան, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ինչ միջոցներ կան և ուր են դրանք գնում,- ասում է նախկին պատգամավորը։

-Տիկին Բախշյան, ես ասում եմ, որ մեր բյուջեի հնարավորությունները սահմանափակ են: Էնպես չի , որ ինչ ուզենք, երբ ուզենք բյուջեի միջոցներով կարող ենք անել,- հակադարձում է Սուքիաս Ավետիսյանը։

-Ասում եք սահմանափակ են, բայց միայն ՎՊ ստուգումները նայենք կենսաթոծակային համակարգում: Քանի՞ միլիոն կարող էր գնալ հենց նույն ազատամարտիկներին, բայց գնացել է չգիտեմ ուր:

— Դրա համար էլ ասում եմ, որ վերջին տարիներին փորձում ենք սոցիալական ոլորտի հասցեականության խնդիրը լուծել, որը շատ կարևոր է:

Ի դեպ՝ Սուքիաս Ավետիսյնաը կարծում է և հորդորում է սպասել ու համոզվել, որ կառավարությունը արմատական ու լուրջ լուծումներ է տալու ազատամարտիկների բարձրացրած խնդիրներին, Անահիտ Բախշյանն այս հարցում ավելի թերահավատ է:
Ի դեպ՝ նույն թերահավատությունը շատ ավելի արմատական դիրքերից այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի, այժմ արդեն Նախախորհրդարանի  անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա արմատական լուծումների  ակնկալիք չունի, կարծում է, թե պարզապես քայլեր կձեռնարկվեն, որոնք կմղմեն լարվածությունը:  «Սարդարապատը» կիսում է ազատամարտիկների բողոքը և սատարում է նրանց, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարուժան Ավետիսյանը:
Նա ազատամարտիկների բողոքը սթափության կոչ է համարում, ասում է՝  մեր արժանապատվության կենդանի կրողներն իրենց տարրական սոցիալական իրավունքների պաշտպանություն են ակնկալում:

«Ազատության հրապարակում մի պաստառ ուշադրությունս գրավեց՝«Մենք վարձկաններ չենք»: Ինչ են ուզում մարդիկ ասել։ Ստացվում է, որ երբ երիտասրադ են, պետությունը նրանց տանելի ինչ-որ գումար վճարում է, երբ անցնում են կենսաթոշակի, ուղղակի փշրանքներ են նետում։ Այսինքն՝ վարձկանների պես են վարվում»:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ մեկնաբանելով Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների բարձրացրած խնդիրները՝ ասել է, որ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ՝ սոցիալական վարչության պետը երկու անգամ այցելել է ազատամարտիկներին, քննարկել են նրանց բարձրացրած խնդիրները, հնարավոր լուծման ուղիները:

Ցուցադրել ավելի
Back to top button