ԿարևորՀասարակություն

37 թիվը չէ, ընդամենը մեկ ցուցմունքով նախագահի թեկնածու չեն դատելու, — ասում է Վարդան Սեդրակյանի փաստաբանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Վարդան Սեդրակյանը ցուցմունք չի տվել և չի էլ պատրաստվում տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Նա շարունակում է պնդել, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է: Սեդրակյանի փաստաբանը նշել է, որ վեց հատորանոց գործում չկա Վարդան Սեդրակյանի մեղքը հաստատող որեւէ ապացույց: Ալեքսանդր Սիրունըյանը մի շարք թերություններ է մատնաշնել ու վստահեցրել, որ այս բնույթի գործը Եվրոդատարանից հետ է գալու ոչ թե հինգ վեց տարի հետո, այլ առավելագույնը՝ մեկ տարի: Ալեքսանդր Սիրունյանը նաև հայտարարել է, որ վաղը կայանալիք դատական նիստում իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությամբ է հանդես գալու, սակայն, հաջողության հասնելու հույս չունի:

Վաղը՝ ուղիղ կեսօրին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կսկսվի ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատավարությունը: Ամբաստանյալները երեքն են` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը՝ վերջիններս, ի դեպ, Վարդան Սեդրակյանի ծանոթները` տունը վերանորոգողն ու տաքսու վարորդն են, ովքեր անազատության մեջ են այս տարվա փետրվարից: Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այսօր հայտարարեց, որ վեց հատորից բաղկացած քրեական գործում մի շարք թերություններ կան. ներկայացնում է դրանցից մի քանիսը:

«Առաջին հերթին մենք այդ վեց հատորանոց գործից չենք կարողանում հասկանալ,որ եթե նույնիսկ Պարույր Հայրիկյանի հետ այդ դժբախտությունը պատահել է, եթե նույնիսկ Խաչիկ Պողոսյանը կրակել է, իսկ Սամվել Հարությունյանն այն կազմակերպել է, վեց հատորի մեջ փնտրում, փնտրում ենք Սեդրակյան Վարդանին , չենք գտնում,որովհետև ես հաստատ համոզված եմ և չեմ էլ կասկածում, որ մեր իրավապահներն այդ կարծիքին են, որ օրացույցի վրա 2013թ է եղել, այլ ոչ 1937թ-ը, և ընդամենը մեկ ցուցմունքով նախագահի թեկնածու չեն դատելու»:

Մյուս երկու մեղադրյալների մասով նույնպես անճշտություններ է նկատել քրեական գործին դատախազի աչքերով նայող Սիրունյանը, ով, ի դեպ, նախկինում դատախազ է աշխատել: Նա ասում է, որ Խաչիկ Պողոսյանին ձերբակալելուց հետո ոչ թե մեկուսացրել են, ինչպես կարգն է, այլ , ընդհակառակը՝ հեռուստացույցով մի քանի անգամ ցուցադրել:

«Ընդ որում, եթե չեմ սխալվում, մենք 22 հեռուստաալիք ունենք, ստացվում է՝ ժամը 44 անգամ, այն պարագայում, որ նա պարտադիր պետք է մեկուսացվեր, հետո պետք է ճանաչում արվեր: Կանգնեցնում են չորս հոգի, Խաչիկ Պողոսյանին էլ մեջը, Հայրիկյանին էլ ասում են ՝ մի հատ խնդրում եմ ճանաչիր: Դե Հայրիկյանն ինչը պիտի ճանաչեր, եթե 44 անգամ ցույց են տվել ամեն ժամ: Չգիտեմ, կամ Խաչիկ Պողոսյանն ասում է՝ կրակել եմ, լավ ես արել, կրակել ես: Դրա համար կա քննչական փորձարարություն, չեն արել: Ընդ որում, որ ասես քննչական փորձարարության ձևն ու տեղի չգիտեն, շատ էլ լավ գիտեն,որովհետև գործը քննել են բարձր պրոֆեսիոնալներ»:

Սիրունյանի խոսքով ՝ քննչական փորձաքննություն չի արվել, սակայն, երբ Խաչիկ Պողոսյանը ցուցմունք է տվել, որ դեպքից հետո՝ տուն գնալիս, զենքը աղբարկղն է գցել, քննչական փորձաքննություն իրականացվել է, Պողոսյանը ցույց է տվել, թե ինչպես է գնացել ու որտեղ է նետել զենքը: Խաչիկ Պողոսյանն անգամ հոգեբուժական փորձաքննության չի ենթարկվել, վստահեցրեց Սիրունյանը. «Հիմա սաղ մի կողմ դրած, ընդունենք Խաչիկն է, ընդունենք կրակել է, ընդունենք Պարույր Հայրիկյանի վրա, բա որ պարզվի այդ մարդը հոգեկան հիվանդ է, իրենից հեռու, մենք գործն ինչի մասին ենք դատարանում քննելու: Իսկ այդպիսի թերություններ այդ վեց հատորում բազմաթիվ են»:

Վարդան Սեդրակյանի փաստաբանը հիշեցրեց, որ բազմիցս հայտարարվել է այն մասին, որ մարդասպանը սլավոնական արտաքին ուներ, բարձրահասակ էր, սակայն, Խաչիկ Պողոսյանը կարճահասակ է, ոչ սլավոնական արտաքինով: Այն, որ Սեդրակյանը Սամվել Հարությունյանին գումար է տվել, հաստատեց նաև նրա փաստաբանը: Վարդան Սեդրակյանը, սակայն, զենք գնելու նպատակով գումար չի տվել: «Սամվելը դա չի ժխտում իր ցուցմունքներում, տվել է և հազար դոլար, և երեք հազար դոլար, և ընթացիկ ծախսեր այն պարզ պատճառով, որ Սամվելն իր տանը աշխատել և աշխատում էր: Ինձ կարո՞ղ եք բացատրել, հազար դոլարով զե՞նք է լինում: Այսօր նույնիսկ նորմալ մանկական զենքն ավելի թանկ արժի, եթե չինական չէ: Կամ ինձ կարո՞ղ եք բացատրել, լինու՞մ է նման քիլլեր, որ ասում է, ես գործը կանեմ, հետո կգամ փողի մասին կխոսեմ, այդպիսի բան տեսե՞լ եք, կամ լսե՞լ եք»:

Թե ում էր ձեռնտու այս ամենի կազմակերպումը, Սիրունյանը դժվարանում է ասել, գործընթացը սխալմունք է համարում, որևէ միտում չի տեսնում, մի բանում, սակայն, վստահ է՝ «Այս բնույթի գործը Եվրադատարանից հետ է գալու ոչ թե հինգ վեց տարի հետո, այլ առավելագույնը մեկ տարի հետո: Բացելու են գործը, տեսնեն, որ գործ չի, հայկական էլ չէ նույնսիկ, բրազիլական սերիալի սցենար է»:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button