ԿարևորՀասարակություն

Կարկուտից տուժած գյուղացիները փակել էին ճանապարհները

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

Արմավիրի մարզի շուրջ 42 համայնք երեկ վնասվել է տարերեյին աղետից: Մինչև 30 րոպե տեղացած ուժեղ կարկուտը վնասել է մարզի գյուղատնտեսության 1/3 մասը` գյուղացուն թողնելով կոտրած տաշտակի առաջ։ Մարզի բոլոր գյուղացիական տնտեսություններն օգտվում են տարբեր վարկային կազմակերպությունների ու բանկերի դրամական միջոցներից և այժմ հայտնվել են անելանելի վիճակում:
Հուսահատ գյուղացիները իրենց վրա կառավարության ուշադրությունը հրավիրելու համար երեկ կարկուտից հետո փակել են մի շարք համայնքային, հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհները: Երեկ կարկտահարված համայնքների գյուղացիական տնտեսությունների հետ հանդիպել են գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Ամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։
 Կարկտաբեր ամպի ուժգնությունն այնքան մեծ է եղել, որի դեմ անզոր են եղել հակակարկտային կայանները: Դրանք արդեն ձևոավորված մտել են մարզի տարածք ու սկսել բուսականության կոտորածը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ երեկ հակակարկտային բոլոր կայանները կրակել են և տվել են մինչև 33000 համազարկ, բայց գյուղատնտեսությունը փրկել չեն կարողացել:

Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանի ներկայացմամբ՝ գյուղում գործող 3 հակակարկտային կայանները կրակել են անընդմեջ, սակայն ապարդյուն է եղել, քանի որ կարկուտը խցանել էր անգամ կայանի խողովակները: Հակակարկտային կայանից 5 մետր հեռավորության վրա գետնին են հավասարվել բանջարանոցային մշակաբույսերը:  Դժվար է միմյանցից տարանջատել գյուղերի կրած վնասները, որտեղ մեծ չափերի է հասնում կորուստը:
Առավել ծանր պատկեր է Արևիկ գյուղում, շուրջ 700 հա խաղողի սեղանի սորտի այգիները  վնասվել են հիմնովին, 2 օր առաջվա կանաչ, տերևակալած ու արդեն պտղի ձևավորված այգիներում միայն կոտրված շիվերն են մնացել: Արևիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը սպասում է պետության աջակցությանը, գյուղում  հակակարկտային կայան չկա: Գյուղապետը ներկայացրեց խաղողի այգիներից սպասվող բարձր բերքը, որը գյուղացիների միակ ապրուստի միջոցն էր: Գյուղացիները մտահոգված են այգիների փրկության համար, որ տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է: Արևիկցի խաղողագործ Հակոբ Շահնազարյանը 3 հա հողից 1.5-ի վրա խաղողի այգի է հիմնել, 8000 քմ-ը` ծիրանի այգի, մնացածը`  բանջարեղենի մշակության տակ է: Մշակած պտուղը արտահանվում է, շուրջ 3 մլն ներդրում ունի գյուղատնտեսության մեջ, իսկ օգոստոս ամսին վարկերը մարելու  ժամանակն է սկսվում:

Ծիրանի այգում ամբողջ բերքը թափվել է, մնացածն էլ վնասվել  ու կորցրել է ապրանքակին տեսքը:
Աննա Սուքիասյանի մշակած խաղողի, ծիրանի այգիներն ու բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները ամբողջովին են վնասվել: Նրա երեխաները ուսանողներ են, վարկի պարտքը  կազմում է մինչև 4 մլն. դրամ:  Արևիկի գյուղացիական գրեթե բոլոր տնտեսություններում նույն պատկերն է: Գյուղացիները ցանկանում են որոշակի ժամանակով սառեցնել վարկերի մարումը:
Այսօր առավոտվանից  Արմավիրի մարզի 42 համայնքներում գյուղացու կրած վնասներն են ուսումնասիրում Արմավիրի մարզպետն ու գյուղնախարարի 4 տեղակալները:  Վերջիններիս տեղեկացմամբ տարերային աղետն իր բնույթով աննախադեպ է, որը ընդգրկել է Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունների զգալի մասը: Համայնքներում ստեղծվել են վնասի չափն ուսումնասիրող հանձնաժողովներ, որոնք արդեն աշխատում են: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այս մասին զեկուցվել է  ՀՀ նախագահին, իսկ նախագահն էլ միաժամանակ խոստացել է օգնել գյուղացիներին:
Հանձնաժողովի աշխատանքից հետո կառավարութունը ինչ քայլեր կձեռնարկի` պարզ կլինի ավելի ուշ: 

Ցուցադրել ավելի
Back to top button