ԿարևորՀասարակություն

Օգտվել փորձաքննություն անցած կարուսելներից

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Եղանակները տաքանում են, եւ զվարճանքի հիմնական ու ամենահաճախ այցելվող վայրերը շարունակում են մնալ այն զբոսայգիները, որտեղ կարուսելներ կան:  Հանրապետությունում ներկայում գործում է 126 կարուսել: Նախորդ տարիներին կարուսելների արձանագրված վթարներից հետո դրանց տեխնիկական փորձաքննության հարցն արդեն լրջորեն դրվում է մինչեւ կարուսելների «տարեշրջանի» մեկնարկը:
Այս տարի մինչ շահագործման թույլտվությունը դեռ ընթացքի մեջ է 40 կարուսելի փորձաքննությունը:
ԱԻՆ կարուսելների տեխանվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ` Զաքյան փողոցում գտնվող ատրակցիոններում, Կենդանաբանական այգում տեղադրված չորս ատրակցիոններում եւ Հաղթանակի զբոսայգում «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի կարուսելներում թերություններ են հայտնաբերվել, սակայն դրանք վտանգ չեն ներկայացնում:
«Եթե փորձաքննության արդյունքում հայտնաբերված թերություններն իրենց բնույթով տեխնածին վթարի սպառնալիք չեն ներկայացնում, այսինքն` դրանց շահագործումը վտանգավոր չէ, այդ դեպքում կազմվում է միջոցառումների ծրագիր, շահագործողին տրվում է ժամանակ, որպեսզի վերջինս վերացնի թերությունները, այլապես ատրակցիոնները շահագործումից ուղղակի կհանվեն»,- ասաց նա:
Եթե փորձաքննություն անցած կարուսելները, Աստված մի արասցե, վթարվեն, դրա համար պատժվողները կլինեն նախ՝ անձամբ այն փորձագետները, ովքեր դրել են իրենց ստորագրությունը տվյալ կարուսելի անվտանգության եզրակացության տակ:
Այդքանով հանդերձ էլ դեռ կրկին միանշանակ չէ, որ ձեռնարկված բոլոր քայլերով հանդերձ էլ Հայաստանում չգրանցված կարուսելներ չկան: Ուրեմն՝ ամեն դեպքում չպետք է մոռանալ զգոնության մասին:
Ուստի ի գիտություն բոլոր նրանց, ովքեր այցելում են կարուսելներ ունեցող զբոսայգիներ. հարկ է ուշադրություն դարձնել` արդյո՞ք շահագործվող կարուսելների կողքին փակցված է հայտարարություն այն մասին, որ դրանք անցել են անհրաժեշտ փորձաքննություն, ինչը թերեւս վկայում է դրանց իրապես անվտանգ լինելու մասին:
Մինչ այսօր հանրապետությունում ատրակցիոնների խափանման հետ կապված երկու դժբախտ դեպք է տեղի ունեցել: Առաջինը 2010 թվականին Հաղթանակ զբոսայգում էր, 4 հոգի ծանր վիրավորվել էին, երկրորդը` 2012 թվականին «Լունապարկ»-ում, որտեղ ծանր վիրավորվել էր մեկ հոգի: 

Ցուցադրել ավելի
Back to top button