Մշակույթ

Տարածաշրջանային առաջին ռոք փառատոնը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող Ռոք մրցույթ-փառատոնին հայտ են ներկայացրել 12 ռոք խմբեր տարբեր երկրներից, այսօր հայտնել են փառատոնի կազմակերպիչները։ Որպես հյուր հանդես կգա անգլիական Antimeter ռոք խումբը։

Փառատոնն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 16- 17- ին։

Մրցույթ- փառատոնի նպատակն է տարբեր ակումբներում հանդես եկող երիտասարդ խմբերին բարձրացնել մեծ բեմ` մրցելու միջազգային խմբերի հետ։ Ի վերջո՝ սա նաև փորձի փոխանակման լավագույն տարբերակն է, ասում է  փառատոնի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը: Բացի այդ` այս միջոցառումը կխթանի նաև ռոք երաժշտության զարգացմանը Հայաստանում։

Միջոցառումը կնպաստի նաև ռոքի վերադարձին, քանի որ Հայստանում կար մի շրջան, երբ ռոքը մոռացվել էր և չէր հնչում: Ռոքի վերադարձին շատ է նպաստել նաև համացանցը, նկատեց  ժյուրիի  անդամ Անդրե Սիմոնյանը:

Իրականում Հայաստանում կա ռոք և կա որակյալ ռոք: Այն, որ ռոքը չունի այն լսարանը, որը պետք է ունենա, ոչ հասարակության և ոչ էլ որակյալ ռոք խմբերի մեջ է: Խնդիրը կազմակերպական է, նշեց ժյուրիի անդամ Այդին Դավուդինը:
Հարցին, թե կա՞ն արդյոք շոու-բիզնես մտնելու նախադրյալներ` հաշվի առնելով, որ դաշտն այսօր շոու բիզնեսի ներկայացուցիչներինն է,  Անդրե Սիմոնյանը պատասխանեց, որ իրենք չեն էլ ձգտում շոու բիզնեսի մաս դառնալ, քանի որ հրավիրատոմսերով չեն լցնում դահլիճը. ռոք համերգի տոմսերը որպես կանոն վաճառվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button