ԿարևորՔաղաքական

Դեկլարատիվ կոչեր՝ վստահության պակասը հաղթահարելու մասին

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն օրերս հրապարակել է Հայաստանում փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: Այն վերահաստատում է նախնական զեկույցում արձանագրված հիմնական  այն գնահատականը, որ նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված և բնութագրվում էին  հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ:
Մոտ 30 էջանոց զեկույցում, սակայն,   հեղինակներն առավելապես խոսում են նկատած թերությունների  մասին և իշխանություններին մի շարք առաջարկներ ու հանձնարարականներ են ներկայացնում, որոնք, ԺՀՄԻԳ-ի դիտորդների կարծիքով, կբարելավեն հայաստանյան ընտրական գործընթացը։
Իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վտահությունը բարձրացնելու ուղղությամբ. միջազգային կառույցների զեկույցներից ծանոթ այս ձևակերպումը  կրիկն տեղ է գտել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցում: Ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասը պահպանվում է, ասում են զեկույցի հեղինակներն ու Հայաստանի իշխանություններին առաջարկում միջոցներ  ձեռնարկել։
Ամենահեշտը կոչեր  անելն է, ամենադժվարը՝ հասկանալը, թե ինչ է պետք անել, ասում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
«Համաձայն եմ, որ ընտրությունների նկատմամբ վստահության մակարդակը մեր ամենամեծ խնդիրն է, բայց, ցավոք,  եվրոպական դիտորդների ոչ  հստակ կոչերը կամ կոչերը, որոնք չունեն մեխանիզմներ, հաճախ բացասական դերակատարում են ունենում այդ նույն վստահությունն ամրապնդելու հարցում»:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ վստահության պակասի  մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձանագրումը գնահատական է և փաստ, որն ակնհայտ է առանց սոցիլոգիական հարցումների: Գնահատականի մյուս մասը՝ հորդորը, քայլեր ձեռնարկելու մասին, Իշխանյանի կարծիքով, «դեկլարատիվ հայտարարություն է»: 

Զեկույցում լուրջ անդրադարձ կա վարչական ռեսուրսի օգտագործման խնդրին: «Արդյունավետ ջանքեր պետք է գործադրել պետական ու տեղական մարմինների պաշտոնյաների անկողմնակալությունը ապահովելու համար, նրանք պետք է զերծ մնան ընտրողների վրա ճնշում գործադրելուց  թե ընտրարշավի ժամանակ, թե քվեարկության օրը», -նշում են զեկույցի հեղինակներն ու այս դեպքում կոնկրետ առաջարկ ներկայացնում. առաջարկում են փոփոխություն կատարել Քրեական օրնսգրքում ՝ պատասխանատվություն սահմանելով ընտրական գործընթացմներում պաշտոնեական դիրքը և վարչական ռեսուրսները չարաշահելու համար:
Այս առաջարկին անդրադառնալով՝ Դավիթ Հարությունյանը ասում է, որ վարչական ռեսուրսի մասին խոսելիս կարևոր են ճշգրիտ սահմանումները:

«Բանն այն է, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում ավանդական ժողովրդավարության, բազմաթիվ պետական պաշտոնյաներ ներգրավված են ընտրական գործընթացներում, և դա համարվում է նորմալ երևույթ: Այնպես որ, այն սահմանագիծը, որով առաջարկվում է վարչական ռեսուրսի ազդեցությունը քրեականացնել, ինձ այնքան էլ պարզ չէ»:

Ի դեպ՝ վարչական ռեսուրսի օգտագործումն արդյոք այս ընտրությունների խոցելի կետ համարո՞ւմ է , թե՞ ոչ,  հարցին Դավիթ Հարությունյանը ժխտական պատասխան տվեց:
Վարչական ռեսուրսի օգտագործման քրեականացման  առաջարկը Ավետիք Իշխանյանի  կարծիքով գեղեցիկ է հնչում, բայց կրկին դեկլարատիվ։
«
Հայաստանում պաշտոնյան երբ  վարչական ռեսուրսն է չարաշահում, նա վստահ է, որ կարգավորում է իշխանության բնականոն գործունեությունը: Սա գալիս է Սահմանադրությունից: Այսինքն՝ խնդիրը, իմ կարծիքով,  շատ ավելի խորքային է, քան՝ եվրոպացիներն են պատկերացնում»:
ԺՀՄԻԳ դիտորդները մի վիճելի առաջարկ էլ են անում. խոսում են ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակելու ձևեր գտնելու մասին: Առաջարկը վիճելի է ոչ թե բովանդակության, այլ այն առումով, որ նույն ցուցակները չհրապարակելու դրույթը մինչ այժմ Վենետիկի հանձնաժողովի  պահանջ էր համարվում:

«Կոչերին վատ եմ վերաբերվում, եթե դրանց զուգահեռ չի առաջարկվում կոնկրետ քայլ կամ  առաջարկվում է, կներեք, հիմար քայլ: Եթե առաջարկը, օրինակ, մատ թանաքոտելն է, ես դրան վատ եմ վերաբերվում, եթե ոչիչնչ չի առաջարկվում, ավելի  բացասաբար եմ վերաբերվում, իսկ եթե ողջամիտ առաջարկ է արվում, կարող ենք քննարկել, բանավիճել: Ցավոք սրտի՝ առ այս պահը ես չեմ հասկացել, թե իրենք ինչ են առաջարկում», ասում է Դավիթ Հարությունյանը։
Նույն հարցի մասին  Ավետիք Իշխանյանը այլ մոտեցում  ունի: Նախ՝ նշում է, որ Վենետիկի հանձնաժողովի պահանջները երբեք իմպերատիվ չեն եղել: Պարզապաես այն դեպքերում, երբ ձեռնտու են եղել, ընդունվել են,  երբ ոչ՝ հաշվի չեն առնվել:
Իշխանյանի համար ստորագրած ցուցակները չհրապարակելու իշխանությունների դիրքորոշումը եղել և շարունակում է անհասկանալի մնալ:
«Միայն այն հանգամանքը, որ ցուցակների հրապարակման հարցում իշխանություններն այդքան կոշտ դիրքորոշում ունեն, ցույց է տալիս, որ ինչ-որ բան այն չէ : Այս առաջարկի շնորհիվ ԺՀՄԻԳ-ի զեկույցը նախորդներից մեկ քայլ առաջ է»:

Ի դեպ՝ քարոզարշավին անդրադառնալով՝ դիտորդները արձանագրել են նաև բանավեճերի բացակայությունը՝ նշելով, թե դրանք ընտրողներին զրկել են կառուցողական երկխոսություն տեսնելու հնարավորությունից:   Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ բանավեճ չունենալու պատճառը համարժեք մրցակիցներ չունենալն էր:

«Ես կարծում եմ, որ գործող նախագահը  չի տեսել համարժեք  մրցակիցներ»:
Նույն հարցի մասին Ավետիք Իշխանյանը  այլ մեկնաբանություն ունի: Խնդիրը, ըստ նրա, քաղաքական ավանդույթներն են, որոնք նա գավառական է բնորոշում։
«Դա ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների վերամբարձ վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ: Ես հիշում եմ  առաջին այդպիսի դեպքը. 91 թվականի ընտրությունները, որի մասնակիցների թվում էին  ՀՀԿ առաջնորդ Աշոտ Նավասարդյանը, Պարույր Հայրիկյանը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, այդ բանավեճի  ժամանակ դատարկ էր միայն  ԳԽ նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի աթոռը:  Այդպես սկսվեց այդ ավանդույթը, որը շարունակվում է մինչ այժմ և  բնութագրում է հայաստանյան քաղաքական մշակույթի գավառականությունը»։

Ցուցադրել ավելի
Back to top button