Մշակույթ

Գնահատելով դասականը՝ ժամանակակից արվեստի ջատագով էր. այսօր Հենրիկ Իգիթյանի մահվան օրն է

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

2009-ի այս օրը 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանը։ Ծնվել էր Թբիլիսիում, ավարտել Երեւանի Ռուսաց եւ օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը, ապա Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտը, աշխատել  Հայաստանի ազգային պատկերասրահում:

Նրա նախաձեռնությամբ Երեւանում հիմնադրվել են Մանկական պատկերասրահը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, հայ արդի նկարիչների «Նոյյան տապան» ընկերակցությունը:

38 տարի առաջ Երևանի Մաշտոցի պողոտայի վրա բացվեց կերպարվեստի մի նոր թանգարան։ Այդ թանգարանի մասին խոսելիս շատերը պարզապես ասում էին ՝ Հենրիկի թանգարանը, և դա շատ բնական էր։ Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության ֆակուլտետն ավարտած երիտասարդ արվեստաբանը հսկայական ջանք էր թափել այդ թանգարանի հիմանդրման թույլտվությունը ստանալու համար՝ հաղթահարելով խորհրդային ռեժիմի նաև արվեստում արմատացած անհաղթահարելի պատնեշները։

Հայաստանում մինչ Իգիթյանի հայտնվելը կոմկուսն էր որոշում ՝ ով է արվեստագետ, ով՝ ոչ, ով իրավունք ունի ստեղծագործելու, ցուցադրվելու և ում է դա ընդհանրապես արգելվում։ Իբրև արվեստաբան նա ասպարեզ եկավ մի նպատակով՝ բարձրաձայն ու համարձակ ասելու՝ ում է ինքը հավանում, ում՝ ոչ, որ նկարչի ստեղծագործությունն է գնահատում, որ նկարը իրեն դուր չի գալիս։
Ինչպես նկատում է ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը, խորհրդային այն տարիներին, երբ ժամանակակից արվեստն ընդհանրապես ճնշված էր, Հայաստանը միակ հանրապետությունն էր, ուր այն պաշտպանվում ու ցուցադրվում էր։ Ու դրանում իր ոչ երկրորդական դերն ուներ Հենրիկ Իգիթյանը։

«Նրա ամենաբնորոշ հատկանիշներից մեկն այն էր, որ մտածում էր երիտասարդի նման։ Միշտ հայացքը դեպի նորն էր, դեպի ապագան, դեպի արտասովորը»,-ասում է մշակույթի փոխնախարար, կինոգետ Դավիթ Մուրադյանը։

«60-ականներին մեր միջավայրում Հենրիկ Իգիթյանը խիզախ ներկայություն էր։ Գնահատելով դասականը՝ ժամանակակից արվեստի ջատագով էր»,- պատմում է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ 

88-ի ազգային շարժման առաջին շարքերում էր։ 1989-91 թթ. Հենրիկ Իգիթյանը ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր էր։ Ազգային արդար պահանջը ներկայացնելու համար Գերագույն խորհրդի պատգամավորը և հացադուլ հայտարարեց, և համարձակվեց ԽՍՀՄ խորհրդարանի ամբոնից ճշմարտությունը նետել իշխող չինովնիկների դեմքին, մոսկվոյան իր խորհրդարանական գործունեության մասին է հիշում Սոս Սարգսյանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button