ԿարևորՀասարակություն

Պատիվ էր Շուշիի ազատագրման համար մեռնելը. արցախյան ազատամարտը` կինոօպերատոր Բորիս Հովսեփյանի աչքերով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արցախյան գոյամարտի «էպիկենտրոնում» հայտնվածներից յուրաքանչյուրն ուներ իր կռիվը. մեկը զենքով էր՝ թշնամու դեմ, մյուսը՝ տեսախցիկով՝ ժամանակի: Բազմաթիվ կինոօպերատորներ այն ժամանակ մեկնեցին Արցախ, որպեսզի հայ ժողովրդի նորօրյա հերոսական էջերը հանձնեն ժապավենին ու անմահացնեն ժամանակի մեջ: Կինոօպերատոր Բորիս Հովսեփյանն առաջիներից էր, որ մեկնեց Արցախ ու դարձավ արցախյան գոյամարտի վավերագրողներից մեկը:

Ղարաբաղի թեժ օրերն էին: «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Ռուբեն Գևորգյանցն իր մոտ է հավաքում բոլոր կինոօպերատորներին ու ասում. «Որևէ մեկին ստիպել չեմ կարող, բայց մենք վավերագրողներ ենք, չգնալ չենք կարող»: Արցախ մեկնեու և այնտեղ նկարահանումներ կատարելու կոչին առաջինն արձագանքում է 54-ամյա կինոօպերատոր Բորիս Հովսեփյանը:

«Երբ շարժումը սկսվեց, ես մեծ ոգևորության մեջ էի: Դա մի բան էր, որին սպասում էի: Ես ծնվել ու մեծացել եմ մշեցի գաղթականների ընտանիքում: Հայրս մի կերպ էր փրկվել թուրքի յաթաղանից»,-պատմում է Կինոօպերատոր, այսօր արդեն Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Բորիս Հովսեփյանը.«Մենք ապրում էինք «Զորավոր» եկեղեցու տարածքում: Մի անգամ Մեծ հաղթանակի օրվա առիթով ուժեղ հրավառություն էր: Մեր պատուհանից չէր երևում, բայց ձայնը շատ հստակ լսվում էր: Հիշում եմ՝ ծնողներս տանը չէին, երեխաներով երկու տատիկներիս հետ էինք: Երբ հրավառության «կրակոցները» հնչեցին, մի տատս, որը Ռոստովից էր, որևէ կերպ չարձագանքեց, սակայն Մուշից գաղթած տատս միանգամից խուճապի մատնվեց ու բղավեց.«Աման, թուրքերը վրա են տվել», հետո սկսեց լաց լինել: Արցախյան շարժման օրերին ես անընդհատ հիշում էի Իֆո տատիս սարսափն ու արցունքներն ու ինքս ինձ խոստանում՝ ես պիտի տեսնեմ թուրքի արցունքները»:

«1992 –ն էր, Շուշիի գրավումից առաջ: Արցախում վիճակը սարսապելի էր: Շուշիի գրադը բարձունքից շարունակ ռմբակոծում էր Ստեփանակերտը: Չկար հաց, լույս, վառելանյութ: Քաղաքում բառի բուն իմաստով՝ մոլեգնում էր սովը, նույնիսկ խմելու ջուր չկար»,-պատմում է Հովսեփյանը: Պատերազմից մնացած ծանր հիշողությունները շատ են, քիչ չեն նաև ջերմ ու բարի հուշերը պատերազմով անցած մարդկանց մասին, բայց ամենատպավորիչը , որն արձանագրել է կինօպերատորի տեսախցիկն ու հիշողությունը Շուշիի ազատագրման ժամանկակ տեսարանն է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում.«Երբ տղաները ներս մտան, բոլորը ծնկի իջան: Նրանց մեջ էր նաև Ստեփանակերտի թատրոնի դերասաններից մեկը, ում մինչ այդ նկարել էի ֆիլմի համար ու հարցրել՝ մեռնելուց չե՞ս վախենում: Նա ոչ միայն չէր վախենում, այլև պատիվ էր համարում Շուշիի ազատագրման համար մեռնելը»:

«Այնտեղ բոլորն էին այդպես մտածում: Դժվար է խոսքերով նկարագրել այն ոգին, որ այն ժամանակ կար Արցախում: Բոլորն էին պատրաստ զոհվել հանուն իրենց հող ու ջրի, հանուն ազատության, մեր դարավոր կորուստների …Շատերը տարբեր պատճառաբանություններով հարազատներին խաբել ու եկել էին Արցախն ազատագրելու: Իմ աչքերի ու տեսախցիկի առաջ տեղի ունեցավ Շուշիի ազատագրման հրաշքը: Երբ մայիսի 9-ի առավոտյան Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը, ասաց, որ Շուշին պիտի ազատագրենք, ես ակամայից հիշեցի թուրքի յաթաղանից մազապուրծ ծնողներիս»,-պատմում է զրուցակիցս:

Շուշիի ազատագրումը ներկայացված է «Հայկ» կինոստուդիայում նկարահանված նրա ֆիլմում, որը կոչվում է «Վերադարձ գերությունից»: Շուշիի ազատագրումից հետո, մենք դիտում էինք ադրբեջանական հեռուստահաղորդումները: Դրանցից մեկի ժամանակ ադրբեջանցի զինվորն իրենց պարտությունն այսպես էր մեկնաբանում. դարձյալ հիշում է Հովսեփյանը.«Հայերի դիրքերը լավն էին՝ նրանք ներքևում էին, մենք ՝ վերևում», կարծում եմ՝ մեկնաբանության կարիք չկա: Մի հաղորդման ժամանակ էլ ադրբեջանցի զինվորին հարցնում են՝ ինչո՞ւ փախաք Շուշիից, իսկ նա պատասխանում է.«Մենք 200 հոգով էինք, նրանք՝ 20 հազար, ինչպե՞ս կարող էինք դիմադրել»:

Սա արդեն Կոմանդոսի հնարքն էր: Երբ նա տասը զինվոր էր ուղարկում, կապով հաղորդում էր՝ հարյուրն եմ ուղարկում, հարյուրի փոխարեն ասում էր՝ հազար: Սրանք էլ մեկ-մեկ գրի էին առել ու հաշվել: Այդպես դարձել էինք քսան հազար: Արցախյան պատերազմին է նվիրված նաև Բորիս Հովսեփյանի «Լաչինի մարդասիրական միջանցք» ֆիլմը, որի հետ կապված մեկ այլ դիպված է հիշում. Լաչինն արդեն ազատագրված էր, ռազմական գործողությունները դադարել էին և նկարահանելու որևէ հետաքրքիր բան, ըստ էության, չկար: Դիրքեր գնացինք, ամեն ինչ խաղաղ էր, մեկ էլ հանկարծ մերոնց ու ադրբեջանցիների միջև կռիվ սկսվեց, հնչեցին կրակոցներ: Միանգամից ոգևորվեցի, անգամ ուրախացա ու սկսեցի անմիջապես նկարել տեսարանը՝ առանց մտածելու, որ մի փամփուշտ էլ կարող է ինձ բաժին հասնել: Կարևորն այդ պահի վավերացումն էր, որը հետո պատմելու էր պատերազմի մասին»:

Ցուցադրել ավելի
Back to top button