ԿարևորՔաղաքական

Հովհաննես Սահակյան.«Մենք ունեցանք ավելի հուսալի, վստահելի եւ օրինակելի ընտրություններ»

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Մենք ունեցանք ավելի հուսալի, վստահելի եւ օրինակելի ընտրություններ եւ ընտրական գործընթացներ` անցած երեք ընտրություններն ամոփելով նման կարծիք է  լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Կարծում եմ` այդ ձեռքբերումը բոլորինս է»,-շեշտել է պատգամավորը: Նա նաեւ նկատել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի համաձայն` նախագահական ընտրությունները լավ կազմակերպված ընտրություններ էին:

Միակ անհանգստությունը, Հովհաննես Սահակյանի ձեւակերպմամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի արձանագրած միտքն է` կապված ընտրական գործընթացների նկատմամբ հանրության ոչ այնքան մեծ վստահության արձանագրման հետ:

Հովհաննես Սահակյանի խոսքով` ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները ճիշտ չեն ընկալել նաեւ մի հանգամանք` այն պաշտոնյաները, որոնք աշխատել են նախագահական ընտրությունների ժամանակ, այդ ընթացքում եղել են արձակուրդում: Հանրապետական պատգամավորի կարծիքով` հետագա երեք-չորս տարիների ընթացքում ունենալով բավականին ժամանակ, հնարավորություն կա աշխատելու Ընտրական օրենսգրքի վրա և շտկել թերությունները, որոնք մատնանշել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խումբը:

Խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին` հանրապետական պատգամավորը նկատեց, որ վերահաշվարկների արդյունքում 50 տոկոսից ավելի տեղամասերում որեւէ փոփոխություն չի արձանագրվել, իսկ մյուսներում` ընդամենը 1-2 ձայների տարբերություն է նկատվել:

Հովհաննես Սահակյանը նկատեց, որ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ պայքարելու են ընտրակեղծիքների դեմ, վերահսկելու են ընտրական գործընթացները, իսկ մինչ հաշվարկը կար տեղեկատվական գրոհ նրանց կողմից, թե ով որքան շատ խախտում կներկայացնի, սակայն հաշվարկից հետո սկսեցին խոսել կեղծիքներից: Այդ քաղաքական ուժերը, սակայն, Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ, այդպես էլ չխոսեցին իրենց թերի աշխատանքի մասին թե´ քարոզարշավի ընթացքում, թե´ ընտրությունների օրը:

Հովհաննես Սահակյանը համոզված է, որ եթե որեւէ մեկի ընտրական իրավունքը խոչընդոտելու դեպքեր արձանագրված լինեին, ապա դրանք կոնկրետ փաստով համապատասխան մարմիններին արդեն տեղեկացրած կլինեին:

Ցուցադրել ավելի
Back to top button