«Առաքելության» ակնկալիքները չեն արդարացել


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները, «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանի կարծիքով, ավելի վատն էին, քան նախորդած համապետական ընտրությունները:
Ըստ նրա դիտարկման՝ այս անգամ տեղի ունեցավ ընտրատեղամասային հանձնաժողովների վարկաբեկման անհասկանալի մի գործընթաց:
Տոտալ վերահսկողության նման պայմաններում ստվերվեցին մայրաքաղաքային ընտրությունները, ինչով էլ պայմանավորված են ոչ իշխանական ուժերի արձանագրած ցածր տոկոսները, հայտարարեց Մանուկ Աուքիասյանը: «Առաքելություն» կուսակցության ներկայցուցիչը հավելեց, որ այս անգամ ընտրակաշառքները բաժանվում էին տներում, այլ ոչ թե «Գազելներում»` ի տարբերություն նախորդ ընտրությունների։
«Առաքելության» օգտին քվեարկել է 2692 ընտրող ինչը կազմում է քվենարի 0,64 տոկոսը: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամը խոստովանեց, որ իրենց ակնկալիքները չարդարացան: Ելնելով անցած ընտրությունների ընթացքից՝ Մանուկ Սուքիասյանի համար նախընտրելի կլիներ, որ ԲՀԿ-ն և «Բարև Երևանը» ի նշան բողոքի հրաժարվեին ավագանու մանդատներից: Սակայն վերջիններս նախընտրեցին մասնակցել նորընտիր ավագանու աշխատանքներին:
Մինչև մյուս` 2017-2018 թվականների ընտրական շրջանը «Առաքելությունը» հաստատակամ է շարունակելու քաղաքական և քաղաքացիական իր գործունեությունը: Մասնավորապես՝ կուսակցությունը մտադիր է մասնակցել տարբեր համայնքներում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին։
Ի դեպ՝ «Առաքելությունը» փաստացի ներկայացված է տեղական ինքնակառավարման մարմիններից մեկում: Կուսակցության քաղխորհրդի անդամ Գարիկ Մուրադյանը Ծաղկունք համայնքի ավագանու անդամ է։