Միջազգային

Ամերիկահայ զույգը սպառնալիքներ է ստանում Բոստոնի ահաբեկչության հետ կապված

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Ռոքվիլ քաղաքում բնակվող Արա և Սալբի Սահակյանները մի քանի օր առաջ փոստով նամակ են ստացել։ Նամակում եղել է «եվս մեկ հայ սրիկա» գրությունը եւ Բոստոնի ահաբեկչության մասին ամերիկյան թերթերից մեկում հրապարակված հոդվածը, որտեղ ահաբեկիչ եղբայրների հորեղբայրը ասում է, թե իր զարմիկներին սխալ ուղու վրա է կանգնեցրել ազգությամբ հայ, կրոնափոխ ոմն Միշա:

«Մենք տեղական և դաշնային իշխանություններին հորդորում ենք անհապաղ հետաքննություն սկսել փաստի առնչությամբ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ANCA-ի ներկայացուցիչ Սևան Քոլեջյանը։

Նրա խոսքով՝ ատելություն և անհանդուրժողականություն պարունակող և ահաբեկելու նպատակ հետապնդող այս նամակը լրատվամիջոցների համար պետք է դաս լինի, թե ինչպես ոմն Միշայի մասին հրապարկված սխալ տեղեկությունների  պատճառով կարող են անմեղ մարդիկ տուժել։

Արա և Սալբի Սահակյաններն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ բնակվում են Մերիլենդում։ Արան մոտ 40 տարի աշխատել է ԱՄՆ ռազմածովային նախարարությունում որպես ինժեներ: Սալբի Սահակյանն էլ տարիներ շարունակ աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, եղել է  ամերիկացի խորհրդարանական Մայք Մենսֆիլդի օգնականը:
Հիշեցնենք, որ բոստոնյան ահաբեկչության հաջորդ օրը Ցարնաևի հորեղբայրը՝ Ռուսլան Ցարնին, հարցազրույց էր տվել ամերիկյան լրատվամիջոցներին ու հայտնել, թե իր եղբորորդու ծայրահեղական հայացքների ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել Միշա անունով ազգությամբ հայ տղամարդը, որը վերջերս է իսլամ ընդունել:

Ավելի ուշ ահաբեկիչների հորեղբայրը ևս մեկ հայտարարություն էր արել՝  նշելով, որ սխալվել է և ներողություն էր խնդրել Միացյալ Նահանգների հայ համայնքից:

Back to top button