ԿարևորՀասարակություն

Ալ.Ամարյան.ՄԻԵԴ վճիռը Հայաստանի դատաիրավական համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի հանրապետության նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նոյեմբերի վերջին կայացրած վճիռը մեր երկրի դատաիրավական համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ եվրոպական դատարանի վճռի` Հայաստանի հանրապետությունը խախտել է 17 դիմումատուների իրավունքները, ուստի պարտավոր է փոխհատուցում վճարել: Ովքեր էին դիմումատուները և ինչ հայցով էին դիմել դատարան: Գործի մանրամասները հիշեցրել ու որոշ գնահատականներ է ներկայացրել Ալեքսանդր Ամարյանը:

Նախ այն մասին, թե ովքեր էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած 17 քաղաքացիները: «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ, որոնք ու նույն կազմակերպության ևս 7 անդամ 2005 թվականին անցել էին այլընտրանքային աշխատանքային ծառայության` բուժհիմնարկներում և սոցապ նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններում, քանի որ նրանց կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում  էր ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը:

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հիշեցնում է, որ մի օր առավոտյան նույն ժամին նույն բովանադակությամբ 24 հոգին դիմում է գրել և հրաժարվել ծառայությունից` պատճառաբանելով, որ այն հաստատությունները, որտեղ իրենք այլընտրանքային ծառայություն են անցնում, պաշտպանության նախարարության ենթակայության տակ են գտնվում:

Երիտասարդների դիմումներին հաջորդել էր նրանց կալանավորումը, քրեական գործ էր հարուցվել ծառայության վայրն ինքնակամ լքելու համար, ավելի ուշ կարճվել` հանցակազմի բացակայության հիմքով։ Մի քանի ամիս ազատությունից զրկված լինելու հիմքով և դրա դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով Եհովայի վկաները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց պահանջը դատարանը բավարարել էր, իսկ ՀՀ-ը պարտավորեցրել դիմումատուներից յուրաքանչյուրին վճարել 6 հազարական եվրո, ևս 10 հազար եվրո` որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Կառավարությունը երեք ամիս ժամանակ ուներ` մինչև վճռի ուժի մեջ մտնելը բողոքարկել այն, բայց չբողոքարկեց: Այն արդեն փետրվարի 27-ից ուժի մեջ է, և կառավարությունը պարտավոր է երեք ամսվա ընթացքում` մինչև մայիսի 27-ը վճարել այն: Ալեքսանդր Ամարյանի գնահատմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը Հայաստանի դատաիրավական համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է, իսկ երիտասարդների գործողությունները` ուղղորդված:

Ցուցադրել ավելի
Back to top button