

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Շուշի
Այսօր Ստեփանակերտում և Արցախի վարչական շրջանների կենտրոններում օրը բացվել է զինվորական շարասյուների խրոխտ քայլերթով:
Մայիսի 9- ի տոնական միջոցառումների կենտրոնատեղին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն է և Շուշին:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցում է վՀաղթանակի տոնի 68-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հանրապետության նախագահը, Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Հանրապետության նախագահը, տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը: Ավելի ուշ հանրապետության նախագահը մասնակցել է «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակի բացմանը:
Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ նախագահը ներկա կգտնվի եռատոնին նվիրված տոնական համերգին: