ԿարևորՀասարակություն

Շուշիի ազատագրումը եւ հայության բարոյահոգեբանական վերելքները

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

Շուշիի ազատագրումը եւ հայության բարոյահոգեբանական վերելքները.  հաղթական օրվանից 21 տարի անց այսօր թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց տեսակետներն են հայտնել Շուշիի ազատագրման անմիջական մասնակիցներն ու հոգեբանը։

Շուշին դարձել էր մի կարեւոր կրակետ ու հենակետ մեր հակառակորդի ձեռքին: Երբ դատարկվեց Բերդաձորը եւ Շուշիի շրջանը,  Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ հեռավորությունն ավելի երկարեց, եւ կապն ապահովվում էր միայն օդային ճանապարհով, պատմում է Հատուկ նշանակության խմբի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը:
Նրա խոսքով՝ Շուշին քաղաքակրթության եւ հոգեւոր կենտրոնից վերածվել էր մի հրեշավոր կրակակետի, որի ազատագրումը դարձել էր հույժ կարեւոր խնդիր: Այսօր նա հիշում է, թե ինչպես է մեղք վերցրել  իր վրա եւ կրակել Ղազանչեցոց եկեղեցու ուղղությամբ։

Թուրքերը իրենց ապահով էին զգում եւ չէին հավատում, որ մենք կարող ենք մոտենալ անառիկ այդ ամրոցին, սակայն մենք հասանք դրան, հավելեց Վովա Վարդանովը: ՙԱզգային լեգիոն՚ ջոկատի ազատամարտիկ, գեղանկարիչ Մկրտիչ Տոնոյանի խոսքով՝ ազատագրմանն այլ կողմից նայելու ժամանակն է եկել, քանի որ Շուշին ոչ միայն ռազմավարական, այլև խորհրդանշական մեծ նշանակություն ուներ: Շուշին ազատագրելով՝ հնարավոր է տեր կանգնել ողջ Արցախին

Հոգեբան Կարինե Նալչաջյանը, հայացք նետելով  21 տարվա վաղեմության պատմական դեպքերին, նշեց, որ Շուշիի ազատագրումով մարդկանց մեջ կոտրվեց «թուրքերը մեզ կուտեն, թուրքից վախենում ենք» կարծրատիպը եւ դա, նրա խոսքով, տեղի ունեցավ մեր հերոսների շնորհիվ:
«
Մեր հերոսները կոտրեցին թուրքի անհաղթահարելի, սարսափելի լինելու մասին կերպարը: Շուշին մեր մեջքն ուղղեց, մենք հսկայական թռիչք ապրեցինք, սակայն պետք է տեր կանգնել հաղթանակին, որպեսզի հոգեբանական ճգնաժամ չունենանք»,- ասում է Նալչաջյանը։

Հոգեբանի խոսքով՝ մեր սերունեդների համար այսօր հերոսներ են դարձել սերիալների հանցագործ կերպարները։ 

Վովա Վարդանովը համաձայնելով հոգեբանի հետ հավելեց, որ մեր ազգին, ցավոք սրտի, բնորոշ է հաղթանակներից հետո զգոնությունը կորցնելու հատկությունը, ինչը,  հրամանատարի կարծիքով,  անթոյլատրելի է։

Ցուցադրել ավելի
Back to top button