ԿարևորՀասարակություն

«Դվին» հյուրանոցը, «Լեռնային պարը» եւ քանդակագործից խլված 10 տարիները

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի՝ այսօր հրավիրված  նիստում քննարկվել է  «Դվին» հյուրանոցի տարածքում տեղակայված «Լեռնային պար» խմբաքանդակի հարցը: Նիստին մասնակցել է նաև քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը: Քանդակը, հիշեցնենք, վերջերս ավերվել ու կողոպտվել էր:
Այն «Դվին» հյուրանոցի հարակից տարածքում տեղադրվել է 1982-ին և ճարտարապետական առումով նախատեսված է եղել հենց այդ տարածքի համար:
Կոփածո պղնձից  զուլված քանդակը, որի վրա հեղինակը աշխատել է մոտ 10 տարի, երևանյան առաջին դեկորտաիվ արձանախումբն էր՝ 4 մ բարձրությամբ, 6 ֆիգուրներից կազմված: Խմբաքանդակն իր տեղում վստահ կանգնած էր մինչև 90-ականները:
«Դվին» հյուրանոցի սեփականաշնորհման ոդիսկանի հետ արձանի ճակատագիրն ավելի ու ավելի անորոշ դարձավ: Նախ այն  ցանկապատի մեջ հայտնվեց, ապա  սկսեց քննարկվել  քանդակն այլ վայր տեղափոխելու  հարցը: Հեղինակի՝ Տիգրան Արզումանյանի խոսքով ՝  շաբաթն ուրբաթից շուտ եկավ. մինչ կորոշվեր՝ տեղափոխե՞լ քանդակը, թե՞ ոչ  կամ ուր տեղափոխել, այն թալանվեց ու ավերեց:
«Ինձ համար շատ ողբերգական մի բան է եղել, իմ  կենսագրությունից մի 10- 15 տարի ոնց որ ջնջած լինեն»:

Տիգրան Արզումանյանը,  որպես հեղինակային իրավունքի սեփականատեր, 80 տոկոսով ավերված քանդակի վերականգնում է պահանջում: Ասում է՝ ֆինանսական միջոցների հատկացման դեպում  ինքը կանի դա:

«Ես կարող եմ վերակագնել, կարիք չի լինի Իտալիայից վերականգնող մասնագետներ հրավիրել»:

Խնդիրը վերականգնման համար միջոցներ գտնելն է, ավելի ճիշտ ՝ նախ տեղի ունեցածի պատասխանատուին գտնելը, ապա  վերականգնումը նրան, այսպես ասենք, պարտադրելը:
Տիգրան Արզումանյանը Հանրային խորհուրդ դիմել է հենց այս պահանջով:   Մշակույթի ենթահանձնաժողովում, որտեղ քննարկվում էր հարցը,  կարծիքները հիմնականում նույնն էին. տեղի ունեցածը վանդալիզմի վառ օրինակ է, ընդ որում՝ ոչ առաջինը և երևի ոչ էլ վերջինը:
Ի դեպ՝ հարցին անդրադառնալու հնարավորություն ունեցավ նաև մշակույթի նախարարաության ներկայացուցիչը: Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Վլադիմի Պողոսյանը հարցին վերաբերող իրավական որոշ մանրամասներ ներկայացրեց:
Նախ այն, որ  քանդակ-հուշարձանը պետական սեփականություն հանդիսացողների ցանկում է: Երևանում, ի դեպ 25 հազար հուշարձան է հաշվառված, որից 19 հազարը պետական սեփականություն է համարվում և օտարման ենթակա չէ:
Մյուս կողմից , սակայն, հուշարձանը գտնվում է «Դվին» հյուրանոցի մերձակա տարածքում: Կա Կառավարության 2004 թ.ի որոշումը պետական գույքի մասնավորեցման մասին, համաձայն  որի «Դվին» հյուրանոցային համալիրը վաճառվել է  «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ին: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ամրագրվում է, որ եթե պետական սեփականություն հանդիսացող հուշարձանը գտնվում է կառուցապատողի տարածքում, ապա վերջինը ստանձնում է դրա  պահպանությունը:

Այս բացատրությունից հետո պարզ դարձավ, որ հուշարձանի պահպանության պատասխանատվությունը «Դվինը» սեփականաշնորհած ընկերությանն է:
Իհարկե՝ հարցերի նոր շարք էլ սկսվում է սեփականատիրոջ և 10 տարիների ընթացքում  որևէ քայլ չձեռնարկելու վերաբերյալ: Հանրային խորհրդի անդամներն այսօր որոշեցին հարցերի այդ դաշտ չմտնել  ու քաղաքային իշխանություններից  պահանջել  ապահովել հուշարձանի վերականգնումը:

Ցուցադրել ավելի
Back to top button