ԿարևորՀասարակություն

Հայաստանում թերաճության տարածվածությունը կազմում է 19 տոկոս

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանում մեկնարկեց չորսօրյա տարածաշրջանային աշխատաժողով, որի ընթացքում կքննարկվի Ալբանիայում, Հայաստանում և Վրաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության կանխարգելումը: Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: Միջոցառման նպատակն է միավորել 3 երկրների երեխաների սնուցման մասնագետներիր և պատասխանատուների ջանքերը` վերանայելու ազգային ռազմավարություններն ու ծրագրերը:

Վերջին տվյալների համաձայն`մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության տարածվածությունը Հայաստանում կազմում է 19, Ալբանիայում` 16, իսկ Վրաստանում 11 տոկոս: Թերաճության նվազեցման համար պետք է մեծ ուշադրություն դարձնել հղիության ընթացքի և երեխայի կյանքի առաջին 2 տարիների վրա:  ՅՈՒՆԻՍԵՖ-ի  ներկայացուցիչ Հենրիետ Արենսի խոսքով` երեխաների մոտ թերաճությունը չի նշանակում միայն կարճ հասակ` դա նշանակում է նաև երեխայի ուղեղի, մտավոր և ճանաչողական զարգացման թերացում: Վաղ մանկությունն ուղեղի զարգացման վճռական շրջանն է, երբ թերսնուցումն անդառնալի ազդեցություն է թողնում և ուղղման ենթակա չէ:

«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք այս վճռական շրջանում երեխաների լիարժեք աճն ու զարգացումն ապահովելու համար: Աշխարհում կիրառված արդյունավետ միջամտությունների շարքում են հղի մայրերի սնուցման և խնամքի բարելավումը, ինչպես նաև մանկական հիվանդությունների կանխարգելումն ու պատշաճ սնուցումը երեխայի կյանքի առաջին 2 տարիներին»:

Առողջապահության Համաշխարհային կազմակերպության աճի միջազգային չաձանիշներով` ամբողջ աշխարհում մինչև 5 տարեկան  երեխաները կարող են իրենց տարիքին համապատասխան հասակ ունենալ այն դեպքում, երբ հղի կանայք ստանան ճիշտ սնունդ և բուժօգնություն, իսկ երեխաները սնվեն ճիշտ սննդակարգով և ստանան պատշաճ խնամք: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակի սնուցման գծով ավագ խորհրդատու Նունե Մանգասարյանը խորհուրդ է տալիս մայրերին երեխաներին կրծքով կերակրել մինչև 6 ամսական, իսկ դրանից հետո ճիշտ սննդակարգ սահմանել:

«Սովորաբար մենք անդրադառնում ենք 1000 օրվան: Ամենակարևոր ժամանակաշրջանն է հղիության 9 ամիսն ու 2 տարին: Այս ժամանակահատվածը կոչվում է հնարավորությունների պատուհան , որովհետև այդ ընթացքում հղի կինն ու երեխան 0-ից 2 տարեկան պետք է լինեն առողջ: Նրանց առողջություն, խնամքն ու սնուցումը , եթե օպտիմալ լինի այս 3 գործոնը, ապա նրանց ուղեղը կզարգանա ամենաօպտիմալ ձևով»:

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն էլ  իր խոսքում ընդգծեց, որ թերսնուցման հիմնական պատճառը ծնողի գիտելիքի պակասն է: Պետք է աշխատել ծնողական հմտությունների բարելավման ուղղությամբ, քանի որ ծնողներն առաջնային պատասխանատվությունն են կրում երեխաների բարեկեցության հարցում:

Ցուցադրել ավելի
Back to top button