Քաղաքական

Երեւանի ընտրություններում ձայն չստացավ կեղծ ընդդիմությունը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չի կարծում, թե Հանրապետական կուսակցությունը Երեւանի բնակչության շրջանում ունի 60 տոկոսին մոտ վստահություն: Նա նկատել է, որ տարբեր հետազոտություններով հասարակության շրջանում դժգոհությունը հասնում է 70 տոկոսի, ուստի նման պարագայում, ըստ Հրանուշ Խառատյանի, չի կարող վստահությունը հավասարվի անվստահության մակարդակին:

Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիտարկմամբ էլ՝ ընտրություններից առաջ,  ընտրություններից հետո յուրաքանչյուր վերլուծություն սոսկ վերլուծություն է, սոսկ խոսակցություններ ու տրամադրությունների վերլուծություն: Թե որքանով են այդ վերլուծությունները համարժեք իրականությանը, ցույց են տալիս հենց ընտրությունները եւ դրանով դրվում է վերջակետ, շեշտեց Մանվել Բադեյանը: Ավելի խոսուն փաստ չկա, քան ընտրության արդյունքները, ձեւակերպեց նա:

Մանվել Բադեյանը չի ժխտում, որ խախտումներ եղել են, բայց համոզված է, որ դրանք չափազանց չնչին  ազդեցություն ունեն արդյունքների վրա: Ավագանու ընտրություններին անդրադառնալով` ՀԱԿ-ից հեռացած Սոս Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ դրանք տեղի ունեցան ինչպես նախկինում: Սոս Գիմիշյանի կարծիքով` հասարակությունը Երեւանի ընտրությունների հետ հույսեր չի կապել։

Նրա համոզմամբ` ընտրությունները վկայում են, որ իր մեջ ավելի մեծ խնդիրներ ունի ընդդիմությունը եւ այդ առումով հենց նա պետք է դասեր քաղի։

Սոս Գիմիշյանը նաեւ հավելեց, թե այս ընտրություններում մի բան տեղի ունեցավ, ինչը, նրա ձեւակերպմամբ, իր համար ուրախալի է:
Գիմիշյանի խոսքով` կեղծ ընդդիմությունը ձայներ չստացավ: Գիմիշյանը, սակայն, չհստակեցրեց, թե ում նկատի ունի «կեղծ ընդդիմություն» ասելով: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ «Ժառանգությունը» քիչ ձայներ ստացավ` դա համարելով բնական` որպես նախագահական ընտրություններից հետո հետընտրական սխալ ու թերի գործընթացների արդյունք:

Ցուցադրել ավելի
Back to top button