Քաղաքական

«Բարեւ Երեւանը» մանդատները կվերցնի եւ կաշխատի Երեւանի ավագանիում

Նվարդ Դավթյան

«Ռադիլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/05/070513martirosyan.mp3

Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին ամբողջական  ու օբյեկտիվ գնահատական տալու համար «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանին ժամանակ է պետք: Բայց որոշ գնահատականներ ու եզրակացություններ նա, այնուամենայնիվ, ներկայացնում է: 

«Հակաօրինական հաղթանակ էր` ընտրախախտումների ողջ սպեկտրով»,- ասում է։

Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ 2007-ից հետո այսպիսի ընտրություն չէր տեսել: Իշխանությունը, ըստ նրա, այլ ընտրություն չէր կարող կազմակերպել:
Մարտիրոսյանի խոսքով` այն, որ մեր քաղաքացիներն ընդունեցին համատարած բաժանվող ընտրակաշառքը, փաստ է ու նաև հասկանալի, նրա գնահատմամբ, երկրում  70-80 տոկոս աղքատության պայմաններում:
Արդյո՞ք միայն քաղաքացին է մեղավոր, հարցնում է Մարտիրոսյանն ու ինքն էլ պատասխանում` իհարկե՝ ոչ:  

«Այստեղ ավելի շատ տեսնում եմ ընդդիմության մեղքը, որ այնպիսի իրավիճակ ստեղծեց, որի արդյունքում քաղաքացին հիասթափվեց և տեսավ, որ շատ հաճախ ընդդիմությունը իշխանությանը թողած մեկ այլ ընդդիմադիր ուժի դեմ է պայքարում: Եվ իր ընտրությամբ պատժեց նաև ընդդիմությանը»։

Մարտիրոսյանը կարծում է, որ «Բարև Երևան» դաշինքը  պետք է ներկայացնի ոչ միայն իրեն ձայն տված քաղաքացիների շահերը, այլև ողջ ընդդիմադիր դաշտը, նրանց օգտին քվեարկողներին և նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք վերցնելով են գնացել ընտրության:
«Մենք ընդամենը մեր վրա դրված պատասխանատվությունն ենք փորձում իրացնել»,-ասում է Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ  մանդատները վերցնելու կամ վայր դնելու հարց «Բարև Երևան» դաշինքը չի քննարկել:
Ինքը` Արմեն Մարտիրոսյան քաղաքական գործիչը, կարծում է, որ մանդատները պետք է վերցնել, որովհետև ինչպես խորհրդարանում «Ժառանգությունը» կարողացավ շատ խնդիրներ լուծել, այնպես էլ հիմա ավագանու կազմում պետք է փորձի աշխատել:
Թեև դաշինքն ակնկալում էր մեծամասնություն լինել, բայց փոքր կազմով էլ հնարավոր է օգտակար լինել, համոզված է Մարտիրոսյանը։

 

Back to top button