ԿարևորՀասարակություն

Ֆինլանդիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել նախարար Նալբանդյանին

Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-ֆիննական փոխգործակցության զարգացմանը:

Նախարարը հավելել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել քաղաքական երկխոսությունը Ֆինլանդիայի հետ՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, ԱԳՆ-երի խորհրդատվությունների անցկացման, խորհրդարանական դիվանագիտության միջոցով։ Նշվել է առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Միխելսոնը նշել է, որ Ֆինլանդիան կարևորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, փոխգործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։

Ցուցադրել ավելի
Back to top button