ԿարևորՔաղաքական

Ստյուարտ Դիքսոն.«Ուղղորդման կամ փոխադրամիջոցի ապահովման մեթոդներ կիրառվում են նաև իմ երկրում»

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ինչպե՞ս են գնահատում ԵԽ դիտորդները մայիսի 5-ին մայրաքաղաքում կայացած ընտրությունների արդյունքները: Եվորպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավար, Միացյալ Թագավորության Հյուսիսային Իռլանդիայի օրենսդրական ժողովի անդամ Ստյուարտ Դիքսոնը, ներկայացնելով խմբի մշտադիտարկման արդյունքները, փաստեց, որ քվեարկությունն անցել է կանոնավոր և տեխնիկապես լավ նախապատրաստված:

«Չնայած որոշ տեղամասերում գրանցված միջադեպերին, քվեարկությունն անցել է կանոնավոր եւ տեխնիկապես լավ նախապատրաստված: Պարզապես ծրարների մեջ դնելը դժվարացնում է հաշվարկի գործընթացը»:

Ընտրատեսամասերում առկա տեսախցիկները և նկարահանումների պրակտիկան մի կողմից նպաստում է ընտրակեղծիքների բացառմանը, սակայն մյուս կողմից ըստ կոնգրեսի անդամների՝ կարող է անվստահության մթնոլորտ ստեղծել, հաշվի առնելով, որ ընտրական գործընթացը դառնում է գերվերահսկելի, կարծում են Եվրոպայի խորհրդի տեղական տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները:

Նախորդ ընտրությունների համեմատ, Երևանի ավագանու ընտրություններում թանաքանյութն ավելի լավ որակի էր, արձանագրեց Ստյուրատ Դիքսոնը՝ դժգոհելով ընտրատեսամասերում լրագրողների մեծ թվաքանակից:

Մայիսի 5-ին հետևելով ընտրության ողջ գործընթացին, զրուցելով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ, Եվորպայի խոփրհրդի տեղական տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները մտահոգիչ փաստեր են արձանագրել, մասնավորապես ցուցակներում Հայաստանի Հանրապետությունում չբնակվող անձանց անուններ են եղել, հաղորդագրություններ են ստացվել, որ ճնշումներ են բանեցվել պետական ծառայողների նկատմամբ: Եղել են նաև այլ մտահոգություններ, օրինակ`«Մտահոգություն է ներկայացվել ձայները գնելու մասին»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք տեղյակ է Եվորպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավարը, որ մայրաքաղաքի տարբեր համայնքներում, այսպես ասած, թաղային հեղինակությունները փորձել են ուղղորդել ընտրողներին՝ քվեարկելու այս կամ այն կուսակցության օգտին, կամ որ ընտրողներին ընտրատեղամաս են տեղափոխել ավտոբուսներով:

Հարցերին ի պատասխան Միացյալ Թագավորության Հյուսիսային Իռլանդիայի օրենսդրական ժողովի անդամ Ստյուրատ Դիքսոնն ասաց, որ անգամ եվրոպական շատ զարգացած երկրներում եւս նման դեպքեր լինում են: «Ուղղորդման կամ փոխադրամիջոցի ապահովման մեթոդներ ոչ հազվադեպ կիրառվում են նաև իմ երկրում: Կարևորը քվեարկության գաղտնիությունն է»,-ավելացրեց նա: Ինչևէ Եվորպայի խոփրհրդի տեղական տարածքային իշխանությունների կոնգրեսի վերջնական զեկույցը կհրապարակվի այս տարվա հոկտեմբերին` Ստրասբուրգում:

Ցուցադրել ավելի
Back to top button