ԿարևորՀասարակություն

«Ճանապարհի սկզբին». իրականությունը` Մուշից մինչև Գյումրի…

«Ճանապարհի սկզբին». այսպես է կոչվում ռեժիսորն Սոմնուր Վարդարի եւ պրոդյուսերը  Զեյնեփ Գյուզելի ֆիլմը Մուշում երբեմնի բնակիչների ու նրանց թոռների մասին պատմող ֆիլմը։

Akunq.net-ը` հղում անելով Demokrathaber.net լրատվական կայքին, հաղորդում է, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից առաջ Մուշում բնակվող հայ բնակչության հետքերն ուսումնասիրած 40 հոգանոց  խումբը գտել է Արևմտյան Հայաստանի այդ քաղաքից Արևելյան Հայաստան գաղթած թոռներին։
«Ճանապարհի սկզբին» ֆիլմը ներկայացնում է հայ իրականությունը` Մուշից մինչև Գյումրի…

Ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են 2011 թվականին` «Անադոլյու քյուլթյուրի» և ևս 3 կազմակերպության կողմից:

Հայաստանի և Թուրքիայի համալսարաններից 10-ական ուսանող, 10 դասախոս և ծրագրի 10 համակարգող մշեցի հայեր գտնելու համար գրեթե 2 շաբաթ մնացել են Մուշում, այնուհետև գնացել Գյումրի` այստեղ բնակվող մշեցիներին ևս հանդիպելու նպատակով:

Ինչպես ընդգծել է «Անադոլյու քյուլթյուրի» համակարգող Ռագըփ Զըքը,  «կարևորը երկխոսությունն է, միայն այդ կերպ կարող ենք ջարդել «արյունարբու թուրքի» և «կեղտոտ հայի» կարծրատիպերը: Հույս կա, որովհետև բազմաթիվ բնագավառներ կան, որոնք կարող են քննարկման նյութ դառնալ»:

Զըքը նշել է, որ թեև Մուշում որպես քրիստոնյա ապրող հայեր չկան, սակայն իսլամացած հայ բնակչության թիվն այստեղ բավականին մեծ է: Զըքը նաև շեշտել է. «Մուշը կարևոր է հայերի համար: Մշեցի է եղել հայկական այբուբենի ստեղծողը: Այս քաղաքից է ծագել նաև քրիստոնեությունն առաջինն ընդունած հայոց թագավորը: Պարզվում է` 1915 թ. առաջ այստեղի բնակչության կեսը հայ է եղել»:

Ռագըփ Զըքը նաև հայտնել է, թե տպավորություն է ստացել, որ Մուշից Գյումրի գաղթածների թոռները սրբության պես են պահպանում Մուշից բերված ձեռագիր ավետարանները, իսկ նրանց ամենամեծ ցանկությունն է տեսնել իրենց նախնիների` Թուրքիայում մնացած տները:
«Երբ Գյումրիում էի, ամենաշատ լսածս նախադասությունը հետևյալն էր. «Մի գնամ-տեսնեմ»: Նրանց կարոտն անհավատալի չափերի է հասնում: Կան այնպիսիք, ովքեր ուզում են իրենց նախնիների գերեզմաններին այցի գնալ, սակայն ֆինանսական պայմանները և փոխադրումը մեծ արգելք են: Երբ նրանց հարցնում են` «Քեզ Թուրքիայից ի՞նչ բերեմ», պատասխանում են. «Մի փոքրիկ կավե ամանի մեջ հող ու քար լցրու և բեր»…»,- ասում է Զըքը։

Ցուցադրել ավելի
Back to top button