Հասարակություն

Երեւանում մեկնարկել է ԱՊՀ երկրների ակտուարների 3-րդ համաժողովը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Երեւանում մեկնարկել է ԱՊՀ երկրների ակտուարների 3-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցում են Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի ակտուարական ոլորտի մասնագետները: Համաժողովի ժամանակ կքննարկվեն հանրային առողջապահական ապահովագրությանն ու ֆինանսավորմանը, ինչպես նաեւ կազմակերպությունների ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցեր: Սա նման առաջին միջոցառումն է Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ոլորտի մասնագետներին քննարկել արդի խնդիրներն ու արդյունավետ զարգացնել մասնագիտական կարողությունները: Ովքեր են նոր այս մասնագիտության տերերը` ակտուարները, եւ ինչու է նրանց դերը Հայաստանում այժմ առավել կարեւորվում:

Հայաստանում վերջին տարիներին ակտուարական մասնագիտությունը բավական մեծ առաջընթաց է գրանցել: ԱՊՀ երկրների ակտուարների 3-րդ համաժողովի բացման խոսքում նման գնահատում ներկայացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը: Դրան մեծապես նպաստել է այն, որ Երեւանի պետական համալսարանում այդ մասնագիտության գծով հատուկ ամբիոն կա, որն ակտուարական մասնագետներ է պատրաստում: Նաեւ այն հանգամանքը, որ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության ներդրումից հետո ոլորտի ֆինանսական ռիսկերը կառավարելու համար որակյալ ակտուարների պահանջարկ առաջացավ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: Ակտուարը Հայաստանում նոր մասնագիտություն է, կա միջազգային փորձն ուսումնասիրելու կարիք: Հայաստանն ակտուարության մակարդակով և շուկայի պահանջների առումով մոտ է հետխորհրդային երկրներին, հետևաբար, հենց այս երկրների միջև գործակցությունն է հատկապես կարևոր: Այդ նպատակով էլ Հայաստանում մայիսի 6-8-ը անցկացվում է ԱՊՀ երկրների ակտուարների երրորդ համաժողովը:
Ակտուարը ամենաակտուալ մասնագետներից է: Նա չափում և գնահատում է ֆինանսական ռիսկերը, օգնում է ընկերություններին խուսափել դրանից: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքով` Հայաստանում ակտուարի, այսինքն, ռիսկ չափողի ու հաշվարկողի մասնագիտության կարիքն ամենաշատն ունի ապահովագրական ոլորտը: Այստեղ ընկերությունները ներդրումներ կատարելուց առաջ չունեին վթարների վիճակագրություն, հետևաբար չէին կարող սակագներ սահմանելիս հաշվի առնել ամենակարևոր գործոնը, դա պետք է աներ ակտուարը: Ակտուարների պահանջարկն արդեն զգացվում է նաեւ հանրային առողջության ոլորտում եւ ավելի կմեծանա, երբ պարտադիր ապահովագրություն ներդրվի նաեւ առողջապահության ոլորտում»,- ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը: 2014թ. կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրն առավել զգալի կդարձնի ակտուարների կարիքը՝ ճշգրիտ հաշվարկներ կատարելու եւ ֆինանսական ռիսկերը գնահատելու համար: Հայաստանի ակտուարների միավորման նախագահ Աստղիկ Անանյան:
Աստղիկ Անանյանի դիտարկմամբ` ԱՊՀ երկրներում ակտուարների առջեւ ծառացող խնդիրները նման են իրար այն պարզ պատճառով, որ հետխորհրդային տարածքի պետություններում նոր են զարգանում բանկային եւ ապահովագրական ոլորտները: Հայաստանի ակտուարների միավորման նախագահը համաժողովին մասնակիցներին առաջարկեց ստեղծել ԱՊՀ երկրների ակտուարների ասոցիացիա՝ նշելով, որ այդպիսով ավելի հեշտ կլինի լուծել ոլորտի առջեւ ծառացած խնդիրները եւ դիմակայալ տարբեր մարտահրավերներին:

Ցուցադրել ավելի
Back to top button