

Այսօր՝ մայիսի 5-ին, Երևանում ավագանու ընտրություններ են: Առավոտյան 08.00-ին բացվել է 464 ընտրատեղամաս: Ըստ ոստիկանության տվյալների, ընտրողների ցուցակում ընդգրկված է 816 475 մարդ: Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ, «Առաքելություն» և մեկ «Բարև Երևան» դաշինք:
«Հանրապետական» կուսակցության ընտրական ցուցակում կա 195 թեկնածու: Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրան հաջորդում է Սմբատ Լպուտյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում կա 194 անձ: Ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը, ում հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության ցուցակում ընդգրկված է 65 մարդ: Կուսակցության ցուցակը գլխավորում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ապա՝ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՀԱԿ կուսակցության ցուցակում ընդգրկված է 42 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, նրան հաջորդում է Զոյա Թադևոսյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակում կա 105 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նրան հաջորդում է Հովհաննես Շահինյանը:
Իսկ ահա «Առաքելություն» կուսակցության ցուցակը բաղկացած է 29 թեկնածուից: Ցուցակի առաջին հորիզոնականում է կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանը, ապա՝ կուսկացության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:
64 թեկնածուից բաղկացած «Բարև Երևան» դաշինքի ցուցակն էլ գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որին հաջորդում է կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրվում է Երևան քաղաքի բնակիչների կողմից` համամասնական ընտրակարգով: Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին: Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից: Երևանն իր հերթին բաժանված է 12 վարչական շրջանների։
Դրանք են՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավիթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն: