ԿարևորՀասարակություն

Սոցիոլոգ.Պետք է ունենալ առնվազն երեք երեխա՝ նվազեցնելու ամուսնալուծության ռիսկերը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Որքան ընտանիքում մեծ է երեխաների թիվը, այնքան նվազում է ամուսնալուծության ռիսկը: Այս կարծիքին է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հայ ընտանիքներին նա խորհուրդ է տալիս ոչ միայն ժողովրդագրական խնդիրները լուծելու, այլեւ սեփական ընտանիքն ավելի ամրապնդելու համար ունենալ գոնե երեք երեխա: Ահարոն Ադիբեկյանն ու Կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանն այսօր լրագրողներին ներկայացրել են իրենց դիտարկումները, թե որ գործոններն են առավելապես հանգեցնում հայ ընտանիքների ամուսնալուծությանը:

Հայաստանում ամուսնալուծությունների հիմնական պատճառներն են ընտանեկան հարցերին երրորդ անձանց միջամտությունը, վաղ ամուսնությունները, երեխա ունենալու խնդիրն ու դավաճանություները։ Այսօր իր այս տեսակետով լրագրողների հետ կիսվեց «Սոցիոմետր» անկախ վերլուծական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը նկատել է, որ ամուսնալուծության շեմին հասած զույգի վրա մեծ է հայ հասարակության ազդեցությունը։ Ահարոն Ադիբեկյանն այն դիտարկմանն է, որ ամուսնալուծության ռիսկն ավելի բարձր է 30 տարեկանում, ավելի պակաս՝ 40, նվազ՝ բարձր տարիքում։ Երկրորդ կամ երրորդ երեխայից հետո ամուսնությունների ռիսկայնությունը կտրուկ նվազումէ»,- կարծիք հայտնեց Ադիբեկյանը։

Սոցիոլոգը որպես ամուսնալուծություններին նպաստող գործոն է դիտարկում նաեւ այն, որ Հայաստանում 4-5 տարով բարձրացել է ամուսնության միջին տարիքը, և որ կինն ավելի ակտիվ է հասարակական կյանքում։ «Աշխատող կինը չի կարող ունենալ շատ երեխա։ Նա քիչ ժամանակ է տրամադրում ընտանիքին։ Պետք է ունենալ առնվազն երեք երեխա՝ նվազեցնելու ամուսնալուծության ռիսկերը և կանխելու դեմոգրաֆիկ խնդիրները»,-համոզված է Ահարոնյանը։

Կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանը Հայաստանում ամուսնալուծությունների պատճառների հիմքում տեսնում է նախ բնակչության որոշ շերտերի իրավագիտակցության ցածր մակարդակը, երբ ամուսնացողը չի գիտակցում, թե ինչ պարտավորություններ է ձեռք բերում ամուսնանալիս։ Կա ամուսնական տարիք հասկացություն. Հայաստանում դա 18-ն է, իսկ շատ այլ երկրներում նվազագույնը 21 տարեկանն է. նկատեց Եզեկյանը: Նա ամուսնալուծության պատճառները բաժանում է երկու մեծ խմբի՝ սոցիալ-տնտեսական պայմաններ և դավաճանություններ։ Եզեկյանը կարեւոր համարեց նաեւ ընդգծել, որ պետք է տարբերել եկեղեցու արարողությունը ամուսնության օրինական գրանցումից։ Եկեղեցու պսակադրությունը չունի օրինական հետևանք և չի կարող ընկալվել որպես օրենքով ամուսնություն:

Վիճակագրության համաձայն` ամուսնալուծությունների քանակով Հայաստանն աշխարհում գտնվում է միջին դիրքերում։ Ամենաշատ ամուսնալուծությունները լինում են Եվրոպայում, որտեղ, ըստ որոշ գնահատումների, չորս ամուսնությունից երեքն ավարտվում է ամուսնալուծությամբ, իսկ ամենաքիչը` մուսուլմանական պետություններում։ ՄԱԿ-ի գնահատումներով` ամեն 1000 մարդու հաշվով գրանցվող ամուսնալուծությունների ամենաբարձր թիվը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այդ երկրում ամեն 1000 մարդու հաշվով գրանցվում է 5 բաժանում: ՄԱԿ-ի տվյալները պարզել են նաեւ` այս ցուցանիշով առաջատար հնգյակում են հայտնվել նաեւ Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան ու Կայմանյան կղզիները:

Իդեպ` ընդունված է կարծել, որ մեկ երեխայի դեպքում ամուսնալուծության ռիսկը գնահատվում է շուրջ 90 տոկոս, չորս երեխաների դեպքում այդ տոկոսը նվազում է մինչեւ 3-ի։ Եթե 1990-ական թվականների կեսերին տղաների ամուսնության միջին տարիքը 27-ն էր, ապա այն այսօր 29.5-ն է, աղջիկների դեպքում այն 22.3-ից բարձրացել է մինչևլ 25.6։

Ցուցադրել ավելի
Back to top button