Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ընթացիկ տարին նախընտրական է մեր տարածաշրջանի համար: Հայաստանից հետո նախագահական ընտրություններ կկայանան հունիսին Իրանում, հոկտեմբերին` Ադրբեջանում և Վրաստանում: Այս առումով սպասվող տարածաշրջանային զարգացումները չեն կարող շրջանցել մեր երկրի շահերը, մասնավորապես, մեր երկու հարևանների` Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների համատեքստում:
Պաշտոնական Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները մնում են բավականին լարված վիճակում, ինչին էլ ավելի նպաստեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի վերջերս Իսրայել կատարած քառօրյա այցը և նրա հանդիպումը այդ երկրի նախագահ Պերեսի հետ: Ինչպես նկատեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը, ադրբեջանական լրատվամիջոցներում երուսաղեմյան հանդիպումների մասին հրապարակումներ գրեթե չեղան, թեպետ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ռազմատեխնիկայի մեծածավալ գնումներ է կատարում Իսրաելից:
Ինչևիցե, դրանից հետո Թեհրան գործուղվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մեխտիևը, ինչը կոչված էր ցրել Իրանի զայրույթը. չէ որ Իսրայելը համարվում է Իրանի ոխերիմ թշնամին: Այս ֆոնին անհասկանելի է Ադրբեջանի և Իրանի խորհրդարաններում 1828 թվականին ստորագրված Թուրքմենչայի հայտնի պայմանագրի վերանայման ձգտումները:
Բաղդասարյանը նկատեց, որ այդ պայմանագրի ստորագրման ժամանակ Ադրբեջան պետություն գոյություն չուներ, իսկ առկա խանությունների տարածքները միացվեցին Ռուսական Կայսրությանը: Այս առումով Թուրքմենչայի վերանայումը անիրատեսական է և չի սպառնում Հայաստանին, նշեց իրանագետը:
Ամեն դեպքում Ադրբեջանը փորձում է պահպանել Իրանի հետ հարաբերությունների անվտանգ մակարդակը` քաջ գիտակցելով հնարավոր հետևանքները` հակաիրանական ճամբարում դիրքերը ամրապնդելու պարագայում, իր հերթին նկատեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Այնուամենայնիվ, հետագա զարգացումները կարող են անհեռանկարային բնույթ ունենալ հենց ադրբեջանական պետականության ճակատագրի առումով:
Ըստ քաղաքագետի, արցախյան խնդրի կարգավորման առումով ադրբեջանական իշխանությունները այլևս անցել են հետդարձի կետը և որևէ փոխզիջում կարող է առիթ դառնալ իշխանափոխության: Ինչևիցե, Ադրբեջանը սպասում է հատուկ պահի, որպեսզի կրկին դիմի ռազմական արկածախնդրության Արցախի և Հայաստանի դեմ:
Նման առիթ կարող է դառնալ Իրանի դեմ հնարավոր պատերազմը` ԱՄՆ և Իսրայելի ակտիվ մասնակցությամբ: