Հասարակություն

Գանձակում ջրի հարցը լուծվել է, աշխատատեղերինը` դեռ ոչ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Տիպիկ հայկական դասական գյուղ, որն այսօր հոգեվարք է ապրում»,-երկու տարի առաջ այսպես ներկայացրեց մեզ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքը`տեղի ղեկավար Վանիկ Հարությունյանը` ի դեպ միակ կոմունիստ համայնքապետը ողջ հանրապետությունում, ում աշխատասենյակն այս պահին էլ զարդարում է հեղափոխական Բատիկ Բատիկյանի խունացած լուսանկարը, իսկ սեղանի գիրքը Իոսիվ Վիսարիոնովիչ Ստալինի կենսագրականն է:

Մեր առաջին այցի ժամանակ Գանձակը լորջ խնդիրներ ուներ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ: Ընկերության ու համայնքապետարանի միջև կնքված 10 տարվա պպայմանագրի ժամկետը լրացել էր: Համայնքի ղեկավարը մեզ պատմեց, որ տասը տարվա ընթացքում Հայջրմուղկոյուղի ընկերությունը 10 լումա անգամ չէր ծախսել 50-60 տարվա վաղեմությամբ ջրագիծը վերակառուցելու համար, հետո էլ ապօրինաբար երկարաձգում էր վերջինի շահագործումն ու բնակիչներից մեծ-մեծ գումարներ պահանջում: Համայնքը հայց էր ներկայացրել դատարան ընկերության դեմ` խմելու ջրի համակարգը համայնքին վերադարձնելու պահանջով: «Պատրիկ Լորենը չէ Սոֆի Լորենն էլ գա, մեր ջուրը չենք տա»,-այն ժամանակ մեզ վստահեցրեց համայնքի կոմունիստ գյուղապետը: Այս օրերին կրկին Գանձակում էինք, պարզվում է` համայնքապետն իրավացի էր:

Խմելու ջրի ու ջրագծերի հարցը Գանձակում կարելի է լուծված համարել, բայց աշխատատեղերի խնդիրը, ինչպես նախկինում` պահպանվում է: Ինչպես մարզի համայնքների մեծ մասում, Գանձակում ևս մարդկանց ապրուստի հիմնական միջոցը արտագնա աշխատանքն է: Մնացողներն էլ փորձում են զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ: Երկու ոլորտներում էլ համայնքապետն իրավիճակը բնությագրում է աղետալի:

Գանձակն ի դեպ տարածաշրջանի այն քիչ համայնքներից է, որտեղ վարելահողերի մոտ 65 տոկոսն, այնուամենայնիվ, մշակվում է և սրանում համայնքապետարանի ու մասնավորապես համայնաքապետի դերը երկրորդական չէ: Վանիկ Հարությունյանի համառ ջանքերի շնորհիվ է նաև, որ Գանձակն այսօր ունի անասնաբույժ, անհրաժեշտ մի հաստիք, որ մասին, ինչպես գյուղապետն է նկատում` սովետից հետո մոռացել են:

«Անասնաբուժությունը գյուղատնտեսության զարկերակն է, սա պիտի ընդունենք, որպեսզի գյուղատնտեսական աղետի հետևանքները վերացնելու փոխարեն կանխենք պատճառները»,-ասում է Գանձակի կոմունիստ գյուղապետը` հիշեցնելով նաև, որ հայրենական Մեծ պատերազմում հաղթեց ոչ միայն սովետական զինվորը, այլև կոլտնտեսությունը: Հայրենիքին զինվոր ու բնամթերք տվողը գյուղն է, որին պետք է աջակցել,-ասում է:

Ցուցադրել ավելի
Back to top button