Այսօր նշվել է գերմաներեն դասավանդող ուսուցիչների օրը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հայաստանում առաջին անգամ նշվում է գերմաներենի ուսուցիչների օրը: Թեև գերմաներենն այսօր Հայաստանում օտար լեզուներից ամենապահանջվածը չէ, այնուամենայնիվ տարեց տարի այս լեզուն ուսումնասիրողների թիվն ավելանում է: Եթե 2000-ականների սկզբներին գերմաներեն սովորողների թիվն անկում էր ապրում, ապա այսօր գերմաներեն են սովորում ավելի քան 33 հազար աշակերտ և 2 հազար 300 հայ ուսանող: Ինչպես այսօր նկատեց Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրյոյնիգը, այս թիվը գնալով աճում է և տարեց տարի ավելի շատ երիտասարդներ են ձգտում սովորել գերմաներեն:
Հայաստանում գերմաներեին տարածմանը նպաստում են Գերմանական եւ ավստրիական կազմակերպությունները, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը, Ավստրիական ակադեմիական փոխանակման ծառայությունը և Գյոթե ինստիտուտը` պարբերաբար հանարավորություններ ընձեռելով հայերին մասնակցել տարբեր կրթաթոշակային ծրագրերի, մշակութային ծրագրերի, գերմաներենի դասընթացների:
Միայն 2012թ.-ին Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունն ավելի քան 285 հայերի շնորհել է կրթաթոշակներ` դրանով իսկ գերազանցելով Հայաստանում գործող բոլոր կրթաթոշակային ծրագրերը: Այլ գերմանական դրամաշնորհային կազմակերպությունների հետ համատեղ այս թիվը հասել է 350-ի: Այսպիսով` շնորհավորելով գերմաներենի մասնագետներին օրվա կապակցությամբ`ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշեց, որ վերջին տարիներին նախարարության և դեսպանատան ջանքերով հնարավոր դարձավ Հայաստանում ընդլայնել գերմաներենի դասավանդման ծավալը` խորացնելով գերմանախոս աշխարհում գոյություն ունեցող հնարավորություններն ու կապերը:
Այսպիսով` գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օրվա շրջանակներում Հայաստանում գերմաներենի շուրջ 100 ուսուցիչների եւ դասախոսների հնարավորություն կընձեռնվի մայիսի 4-ին եւ 5-ին հանդիպել միմյանց, մասնակցել տարբեր վերապատրասման դասընթացների, տեղեկանալ դասավանդման նորագույն մեթոդներին, իրականացնելու փորձի եւ մտքերի փոխանակում: