ԿարևորՀասարակություն

Հայաստանի Օմբուդսմենը լրագրողներին մաղթել է ազատվել 6 չարիքից

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր՝ Մամուլի ազատության օրվա առթիվ, տարածել է հայտարարություն, որում անդրադառնում է մամուլի կարևորությանը ժողովրդավարական հասարակություն կառուցելու հարցում, լրագրողների գործունեությանը և նրանց մաղթում ազատվել 6 չարիքից։ Օմբուդսմենի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Խոսքի ազատությունը՝ արդար դատաքննության իրավունքի հետ զուգահեռ, ապահովում է բոլոր մյուս իրավունքների պաշտպանությունը և հանդիսանում ժողովրդավարության կառուցման անկյունաքարը: Դրա համար լրագրողն իր գործում պիտի ազատ լինի խմբագրից ու նրա անհարկի միջամտությունից: Խմբագիրը պետք է ազատ լինի լրատվամիջոցի սեփականատիրոջ գրաքննությունից: Իսկ լրատվամիջոցի սեփականատերը պետք է ազատ լինի գովազդային շուկայի ճնշումից»,-նշում է Հայաստանի Օմբուդսմենը՝ նկատելով, որ, իսկապես, Հայաստանում խոսքի ազատության վիճակը էականորեն բարելավվել է վերջին տարիներին:

Կարեն Անդրեասյանի խոսքով, պետության և պետական մարմինների միջամտությունը զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը հասցվել է հնարավոր ու միջազգայնորեն թույլատրելի նվազագույնին: «Սակայն այսօր մեր տարբեր շուկաների, այդ թվում՝ լրատվական շուկայի գերկենտրոնացումը հնարավորություն չի տալիս լրագրողին, խմբագրին, լրատվամիջոցի փոքր և միջին սեփականատերերին՝ լինել տնտեսապես ազատ, ապահովված ու պաշտպանված:

«Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին մաղթում եմ լիարժեք ազատություն՝ լրատվական շուկայի գերկենտրոնացումից կամ մենաշնորհայնացումից, թաղային հեղինակությունների և այլ հանցագործների բռնարարքներից, օլիգարխներից և այլ հարուստներից, նրանց ֆինանսական կախվածությունից, լրատվամիջոցների կուսակցականացումից, պատվերով հոդված գրող և դրանով իսկ ազատ խոսքը վարկաբեկող ու այլասերող լրագրողից, դատարանի ապօրինի վճիռներից»,-իր հայտարարության մեջ ասել Հայստանի Մարդու իրավունքն երի պաշտպանը:

Ցուցադրել ավելի
Back to top button