Հասարակություն

Հայաստանի ԱԳ փոխնախարարը մասնակցել է UNESCAP-ի նստաշրջանին

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, ապրիլի 29-ին, իր աշխատանքներն է սկսել UNESCAP-ի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը: Որպես պատվավոր հյուրեր ներկա են եղել Մյանմարի նախագահը, Սողոմոնյան Կղզիների եւ Արեւելյան Թիմորի վարչապետերը:

Բացման խոսքով ելույթ է ունեցել UNESCAP-ի գործադիր քարտուղար `տիկին Նոէլին Հեյզերը: Ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ փոխարտգործնախարարը, որը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կողմից տարվող խոշոր ներդրումային ծրագրերը, Ասիական տարածաշրջանի միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացմանն ու Հայաստանի շրջափակմանն ուղղված Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությանը: Հաշվի առնելով ESCAP – ի ուղղվածությունը շեշտը դրվել է նաեւ դեպի ծով ելք չունեցող երկրների իրավունքների ոտնահարմանը:

Նույն օրը տեղի է ունեցել Վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամների ընտրությունը: Ապրիլի  30-ին տեղի է ունեցել ԱԳ փոխնախարարի հանդիպումը  UN ESCAP –ի գործադիր քարտուղար, տիկին Նոէլին Հեյզերի հետ: Գործադիր քարտուղարը շնորհակալություն է հայտնել  ESCAP-ի աշխատանքներին Հայաստանի  ակտիվ ներգրավվածության համար եւ հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել:

Փոխնախարար Մանասարյանը նշել է, որ Հայաստան – ESCAP համագործակցությունն արդեն ունի որոշակի պատմություն՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես հետաքրքրված է միջտարածաշրջանային համագործակցության հարցերով: ՀՀ փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանի համար առանձնապես կարեւոր է ESCAP-ի շրջանակներում ակտիվորեն քննարկվող՝ դեպի ծով ելք չունեցող երկրների իրավունքների պահպանման խնդիրները:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանային գրասենյակի միջոցով հետագա քայլերը համաձայնեցնելու վերաբերյալ, որոնք պետք է ապահովեն Հայաստանի առավելագույն ներգրավումը  ESCAP-ի ծրագրերում:

Ցուցադրել ավելի
Back to top button