

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մայիսի 5-ին կայանալիք մայրաքաղաքի ավագանու ընտրությունները ոչ իշխանական քաղաքական գործիչները կարևորում են որպես «իշխանական մենաշնորհը կոտրելու բացառիկ հնարավորություն»: Մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեղադրեց իշխանություններին երկրի զարգացմանը խոչընդոտելու մեջ:
Ըստ նրա՝ ընդդիմադիր ուժերը կարող են հասնել հաջողության, եթե մի կողմ դնեն իրենց քաղաքական բացառիկ եսամոլությունը և միավորվեն հանուն իշխանափոխության:
Ամեն դեպքում՝ «Ժառանգության» ներկայացուցիչը կանխատեսում է իրենց կուսակցության ծանրակշիռ ներկայությունը Երևանի ընտրվելիք ավագանիում: Հակոբյանը նշեց, որ եթե քվեարկության արդյունքներով իրենց վերապահվի ընդդիմության դերը, ապա ժառանգականները մտադիր չեն բոյկոտել մայրաքաղաքի խորհրդարանի նիստերը:
Գալիք ընտրություններում ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, ով նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն է, նշեց, որ ընդդիմության հետընտրական միավորման հնարավորությունը առկա է, սակայն կան և դժվարություններ:
Ամեն դեպքում՝ Դաշնակցությունը պահպանում է նորմալ հարաբերություններ ընդդիմադիր այլ ուժերի հետ և պատրաստ է խաղալ ցեմենտող դեր միավորման համար և շահել մեծամասնությունը, նշեց Ռուստամյանը:
Հայ ազգային կոնգրեսը հավակնում է հավաքել ընտրողների քվեների առնվազն 20 տոկոսը, հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա դիտարկման՝ մայիսի 5-ի ընտրությունները կարող են վերածվել երկրի ներկա իշխանությունների հանդեպ վստահության հանրաքվեի։ Այս պարագայում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը կարևորեց ընտրողների ակտիվ մասնակցությունը քվեարկությանը:
Ըստ նրա՝ ՀԱԿ-ը սերտ համագործակցում է ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ: «Ժառանգության» ղեկավարները համագործակցության առաջակը դեռևս անպատասխան են թողել:
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ընդդիմադիրների միավորումը, «Ժառանգության» բացառությամբ իրատեսական է համարում: Այնուամենայնիվ՝ նա համոզմունք հայտնեց, որ ԲՀԿ- ն հաջող կմասնակցի ավագանու ընտրություններին: Անցած քարոզարշավը պատգամավորը գնահատեց արդյունավետ:
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհանեես Մարգարյանն իր հերթին նշեց, որ ՕԵԿ-ը մասնակցում է ընտրություններին հաղթելու համար: Ըստ նրա ընտրությունները անկանխատեսելի են:
Իսկ ահա իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ին առնվազն կհաջողվի պահպանել ներկայիս ավագանիում դիրքերը և մայիսի 5-ից հետո: