ԿարևորՀասարակություն

Երեւանի ավագանու թեկնածուները՝ կոռուպցիայի հաղթահարման մասին

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր կլոր-սեղան քննարկում է կազմակերպել՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկմանը չեն մասնակցել միայն Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները:

Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը  հակակշիռների ստեղծումն է, կարծում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:  Ցավոք, ասում է, հանրությունն այսօր չի հանդիսանում այն վերահսկող մեխանիզմը, որը կարող է պարտադրել պետական կառավարիչներին չգողանալ, կոռուպցիայի մեջ չթաթախվել: 

Ազնվությունը դեռևս քիչ է, պետք են մեխանիզմներ, որոնք անկախ են մարդու հատկանիշներից, ասում է ՀԱԿ ներկայացուցիչ Արթուր Մինասյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ ճանապարհներ է առաջարկում նաև «Բարև Երևան» դաշինքը: Բայց ինչպես վերջինը ներկայացնող Ռշտուն Մարտիրոսյանն է նկատում, «Երևանի մասին» օրենքի լիարժեք կիրառումն էլ բավարար կլիներ կոռուպցիան նվազագույնի հասցնելու համար, քանի որ օրենքը ավագանու յուրաքանչյուր անդամի վերահսկողական ֆունկցիաներ է վերապահում:

«Օրինաց երկիր» կուսակցության հաղթելու դեպքում քաղաքապետը հանդես կգա եռամսյակային հաշվետվությամբ, ուղիղ եթերում երևանցիների հետ հանդիպումների ընթացքում ներկայացնելու է կատարված աշխատանքի հաշվետվությունը` ծախսերի մասով:
Նույնը անելու են նաև վարչական շրջանների ղեկավարները, ասում է ՕԵԿ ցուցակի 4-րդ հորիզոնական զբաղեցնող Հովհաննես Հովհաննիսյանը:

«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Մուրադյանը կարծում է, որ առանց նոր առաջարկների էլ գործող օրենքները բավարար են` կոռուպցիայի դեմ  պայքարելու համար: Բայց, ասում է, իրենք էլ առաջարկներ կներկայացնեն։

Ցուցադրել ավելի
Back to top button