Մշակույթ

Գրքի միջազգային ցուցահանդես Բուենոս Այրեսում

Բուենոս Այրեսում ընթացող գրքի 39-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված էր նաեւ Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:

Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ արգենտինահայ համայնքային կառույցների օժանդակությամբ ցուցահանդեսի «Խորխե Լուիս Բորխես» սրահում կայացավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որին ներկա էին ավելի քան 1200 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը եւ Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին:

Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշեց. «Ավելի քան 30 տարի Հայաստանի տաղավարն իր յուրահատուկ եւ ճանաչելի տեղն ունի հեղինակավոր այս ցուցահանդեսում՝ շնորհիվ արգենտինահայ համայնքի անմիջական օգնության, աջակցության եւ գործուն մասնակցության։ Խորհրդանշական զուգադիպությամբ 2012 թվականին Երեւանը՝ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը պատիվն ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվելու  որպես արդեն համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք։ Եվ հատկանշական է, որ պատվավոր այդ տիտղոսը մենք ընդունեցինք Բուենոս Այրեսից։ Անցյալ տարի մեծ շուքով նշելով հայ գրատպության 500-ամյա հոբելյանը՝ Հայաստանը կարողացավ համայն գրականասեր հանրությանը պատմել հայ գրքի անցած երկարատեւ, դժվարին, ցավերով ու տանջանքներով, բայց եւ փառապանծ նվաճումներով լի ճանապարհի, ինչպես նաեւ ներկայիս հանգրվանի մասին»։

Նախարար Էրնան Լոմբարդին անդրադարձավ 2012 թ. Երեւանը՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին, այդ կապակցությամբ կայացած միջոցառումներին՝ ընդգծելով երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարեւոր նշանակությունը: Միաժամանակ, նա իր տպավորությունները կիսեց վերը նշված առիթով Երեւան կատարած այցից՝ բնութագրելով այն որպես բազմաբովանդակ եւ անմոռանալի:

Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինահայ երգիչ-երգչուհիներ, «Գայանե», «Մասիս», «Նարեկ» եւ «Նաիրի» պարախմբերը, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button