ԿարևորՔաղաքական

Freedom House. Մամուլի ազատության ոլորտում Հայաստանը բարելավել է իր դիրքերը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի1-ին Վաշինգտոնում հրապարակել է իր տարեկան զեկույցը, որը գնահատում է մամուլի ազատության վիճակը 2012 թվականին աշխարհի 197 երկրներում: Զեկույցի համաձայն 63 երկրում մամուլի վիճակը գնահատվել է որպես ազատ, 70 երկիր նշվել են մասամբ ազատների շարքում և 64 երկրում մամուլը ազատ չէ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ՌԿ կայքը: Հայաստանի կարգավիճակը այս զեկույցում չի փոխվել, մեր երկիրը, ինչպես վերջին տասնամյակում, այս զեկույցում էլ դասվել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում, թեև ընդհուպ մոտեցել է կարգավիճակի փոփոխման սահմանագծին և զեկույցի հեղինակների կարծիքով ամենանշանակալի առաջընթաց գրանցած երկրներից է:

Այս տարի Հայաստանը բարելավել է իր դիրքերը 4 միավորով, և նախորդ զեկույցում գրանցած 65 միավորի փոխարեն 61 միավոր է ստացել: Այժմ Հայաստանին միայն մեկ միավոր է պակասում Freedom House-ի ներկայացրած զեկույցում մասամբ ազատ մամուլով երկրների շարքում ընդգրկվելու համար:Զեկույցի տնօրեն Քարին Քարլիքարի խոսքով, Հայաստանի գնահատականն այս զեկույցում բարձրացել է, քանի որ իրենք նկատել են ԶԼՄ-ների կողմից ավելի հավասարակշռված լուսաբանում խորհրդարանական ընտրությունների շրջանում, ընդդիմադիր կուսակցությունները էլ ավելի լայնորեն են կիրառել օնլայն մեդիան, բռնությունն ու ոտնձգությունները լրագրողների նկատմամբ նվազել են նախընտրական և ընտրությունների շրջանում: Հայաստանում նաև բավական կտրուկ նվազել են զրպարտության վերաբերյալ բողոքները լրագրողների դեմ: Այդ պատճառով Հայաստանը ամենամեծ առաջընացը գրանցած երկրներից է այս զեկույցում:

Մամուլի ազատության առումով նշանակալի են եղել նաև Վրաստանի ձեռքբերումները, առաջընթաց է գրանցվել 3 կետով` Վրաստանում մամուլի ազատությունը բնութագրող ցուցանիշը 52-ից դարձել է 49: Առաջընթացը մասնավորապես կապված է հեռուստատեսային շուկայում քաղաքական բազմազանությամբ, ընտրությունների լավ լուսաբանմամբ: Վրաստանը պահպանել է իր տեղը մասամբ ազատ երկրների շարքում: Ադրբեջանը 82 միավոր է ստացել Freedom House-ի սանդղակում, այն դեպքում, երբ վատթարագույնը համարված Հյուսիսային Կորեան և Թուրքմենստանը 96 միավոր ունեն:

Ադրբեջանի գնահատականը երկու կետով անկում է ապրել, ինչը կապված է լրագրողների նկատմամբ բռնության, տեղեկատվության հասանելությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունների հետ:

Վատթարագույնը համարված Թուրքմենստանի և Հյուսիսային Կորեայի կողքին մամուլի ազատության առումով շատ վատ դիրքերում են նաև Բելառուսը, Կուբան և Ուզբեկստանը, նշված է զեկույցում:

Ներկայացնելով 2012-ի իրենց ընդհանուր գնահատականը՝ Քարին Քարլիքարը նշել է, որ միտումները հիմնականում բացասական են եղել, կարգավիճակի փոփոխություն ունեցել է 8 երկիր և բոլոր այդ երկրներում էլ փոփոխությունները բացասական են եղել, իսկ մամուլի ազատության ընդհանուր միջին ցուցանիշը ողջ աշխարհում անկում է ապրել` հասնելով վերջին տասնամյակի ամենացածր կետին:

Ցուցադրել ավելի
Back to top button