Փառքի գինը. «Արմմոնոն» ավարտվեց


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ապրիլի 26-30-ը Երևանում անցկացվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային 11-րդ թատերական փառատոնը, որն այս տարի ուներ լեհական ուղղվածություն: Փառատոնի վեց օրերեի ընթացքում մոնոներկայացումներով հանդես են եկել դերասաններ Գերմանիայից, Լիտվայից, Սերբիայից, Վրաստանից, Ռուսաստանից և Հայաստանից:
Լեհ բեմադրիչ Աննա Սկուբիկի «Կոտրված եղունգներ» ներկայացմամբ էլ երեկ ազդարարավեց «Արմմոնո» միջազագին թատերական թվով արդեն 11-րդ փառատոնի փակումը: Ներկայացումը ծեր երգչուհու մասին էր, որն ապրում է կյանքի վերջին տարիները:
«Բեմադրությունը պատկեր է` նվիրված սիրուն, գեղեցկությանը, նաև այն գնին, որը վճարվում է փառքի հետ դաշինք կնքելու արդյունքում»,- սա բեմադրիչի պարզաբանումն էր:
«Արմմոնոն» առաջընթաց է ապրում: Ես հասկանում եմ, որ սովորաբար այսպես են ասում, բայց հավատացեք, որ այս խոսքերն ասում եմ ամենևին էլ ոչ քաղաքավարությունից ելնելով: Ես հայկական հրաշալի աշխատանքներ դիտեցի: Իմ կարծիքով՝ փառատոնի շրջանակներում ներկայացված միակ անհաջող աշշխատանքը վրացական ներկայացումն էր: Դա զարմանալի է, քանի որ Վրաստանն իսկապես թատերական մեծ ներուժ ունեցող երկիր է: Որևէ երկրում մոնոներկայացոմների ժամանակ երիտասարդ հանդիսատեսի այսպիսի մեծ քանակություն ես չեմ տեսել: Դա փաստում է, որ փառատոնն իսկապես հետաքրքիր է և ապագա ունի: Բայց պետք է նաև նշեմ, որ «Արմմոնոն» փառքի իր գագաթնակետին դեռ չի հասել, այն դեպի բարձունք տանող ճանահարհին է: Իմ կարծիքով՝ մոնոներկայացումների ժանրը ձեր երկրում ծաղկում ու զարգանում է»,- ասում է ուկրաինուհի Նինա Մազուրը։
Երևանյան փառատոնի նորույթն այս տարի «Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրն էր, որի շրջանակներում հանդես եկան մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլեն անող երիտասարդ դերասանները: Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ ծրագիրը կդառնա ավանդական։
«Արմմոնո» փառատոնն, ինչպես հայտնի է, չունի ժյուրի և մրցանակներ, քանի որ արվեստի ընկալումը, ինչպես փառատոնի տնօրենն է ընդգծում, խիստ անհատական է:
«Արմմոնո» միջազգային թատերական առաջին փառատոնը տեղի է ունեցել 2003 թվականին: Փառատոնի հիմնադիրը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է: