Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարի արցախյան աշխատանքային այցը

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով գտնվում է Ստեփանակերտում: Այսօր նա հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջև, ավելի ակտիվ ու համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա:
Փոխհամագործակցության հարցերը երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մինչ նախագահականում կայացած հանդիպումը:
ԼՂՀ արտգործնախարարությունում կայացած երկու արտգործնախարարների հանդիպմանը ևս քննարկվել են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
ՀՀ արտոգործնախարարը հանդիպում է ունեցել նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Այս հանդիպմանն էլ, ըստ ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման, այդ առումով վերջերս արձանագրված ուշագրավ շփումների հետևողական զարգացման անհրաժեշտությունը։
Երկուստեք գոհունակություն է հայտվել արտերկրում ՀՀ դիվանագիտական առաքելությունների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջև համագործակցության դրվածքի կապակցությամբ, զրուցակիցները նշել են նրա արդյունավետության հետագա բարձրացման ուղիներն ու միջոցները։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային իրավական ակտերին, ուրվագծվել են ԼՂՀ-ում դրանց կիրառման հնարավորությունները։

Back to top button