Մշակույթ

Գերմանա-հայկական երաժշտական միության առաջին քայլերը Հայաստանում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»
Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում անցյալ տարի հիմնադրվել եւ գործում է գերմանա- հայկական երաժշտական միությունը` նպատակ ունենալով ներկայացնել հայկական երաժշտությունը, հայ երաժիշտներին եւ կոմպոզիտորներին: Հիմնական շեշտը դրվում է տաղանդավոր երիտասարդների առաջխաղացմանն օժանդակելու եւ երաժիշտների միջեւ մշակութային փորձի փոխանակման վրա:
Հայ եւ գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ համերգների տարեկան շարքն այս միության քայլերից միայն մեկն է: Սպասվում են նաեւ երաժշտական մրցույթներ, մշակութային այլ միջոցառումներ եւս: Միության նախագահ Անի Աղաբեկյանը
 մի քանի օրով Հայաստանում է:

ՀՀ Սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ գերմանա-հայկական երաժշտական միությունը 2013 թ.-ի մայիսի 3-9-ը Երևանում  կազմակերպում է ջութակի վարպետության դասընթացներ` Գերմանիայի Դետմոլդ քաղաքի  երաժշտական համալսարանի հանրահայտ պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդայի ղեկավարությամբ:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին կնվագակցի հանրահայտ դաշնակահար Վալտեր Դելահունթը:  Լավագույն մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ելույթ ունենալ եզրափակիչ համերգում:
Բացման համերգը տեղի կունենա  մայիսի 3-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Եզրափակիչ համերգը՝ մայիսի 9-ին «Առնո Բաբաջանյան»  համերգասրահում՝ դասընթացների լավագույն մասնակիցների մասնակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button