

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ընտությունների վերահսկողության խնդիրների մասին են խոսել Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Այ դիտորդ» կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ` իրենց կայքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու լինել դիտորդ, սակայն գործնականում դեռեւս ակտիվությունը մեծ չէ:
«Այս պահին ունենք մոտ 15 ահազանգ, ինչը խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ համեմատած շատ ցածր ակտիվություն է»:
Մինչդեռ, Սամվել Մարտիրոսյանի խոսքով, կայքը մեծ հնարավորություն է տալիս մարդկան ահազանգելու խախտումների մասին, ընդ որում` ահազանգողի մասին տեղեկությունները անհնար է անգամ գաղտնազերծել: «Մարդիկ կարող են հանգիստ ուղարկել իրենց ունեցած տեղեկություններն իրենց տեսած ու արձանագրած խախտումների մասին` չվախենալով, որ կարող է ինչ-որ ձեւով իրենք հայտնաբերվեն»,- ասաց «Այ դիտորդ» կայքի համակարգողը:
«Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու վերապատրաստված-լիցենզավորված 100 դիտորդի միջոցով: Կազմակերպության ղեկավար Սաթենիկ Բադեյանի փոխանցմամբ` այն տեղամասերում, որտեղ աշխատելու է կազմակերպությունը, մշտապես դիտորդ են ունենալու:
Ընտրությունների բուն գործընթացը «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» տեղամասեր դիտորդներ ուղարկելով չի վերահսկելու: Կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրենց հետաքրքրում է, թե ինչ պայմաններում են աշխատելու լրագրողներն ու լրատվամիջոցները:
Բացի թեժ գծից, Աշոտ Մելիքյանի տեղեկացմամբ, իրենք լրագրողների հետ կապված միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ են հավաքելու նաեւ այլ խողովակներից: Արձանագրված բոլոր տեղեկությունները վերլուծվելու են եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ընտրություններից հետո հանդես կգա զեկուցմամբ` այդ ամենը ներկայացնելով հանրությանը` տեղեկացրեց կոմիտեի նախագահը:
85 դիտորդով թիվ 11 եւ 12 ընտրատարածքներում ընտրությունների ընթացքին հետեւելու է «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Շագաֆյանի փոխանցմամբ` իրենց դիտորդներն աշխատելու են երկու հերթափոխով եւ երեք շրջիկ խմբերով:
«Ընտրական ժողովրդավարության կենտրոն» ՀԿ ղեկավար Վահրամ Վարդանյանն էլ փոխանցեց, որ իրենք առաջարկել են «Աչքաբաց» ծրագիրը, որի օգնությամբ դիտրոդները SMS-երի միջոցով հնարավորություն ունեն փոխանցելու քվեարկության օրվա թվային տվյալները` եւ մասնակցության, եւ արդյունքների:
Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններից ոչ բոլորն են նախորդ ընտրություններում աշխատանք կատարել: «Այ դիտորդ» կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ կայքից օգտվողների թիվն է ավելացել է: Նրա խոսքով, եթե անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կայքը ստանում էր տարբեր տեղերից տեղեկություն-ահազանգեր, ապա հիմա դրանք առայժմ քիչ են ու վերաբերում են կոնկրետ դեպքի: Ամբողջական պատկերը, բնականաբար, հնարավոր կլինի ունենալ արդեն ընտրություններից հետո: