ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի կապակցությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:

Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները:

Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր չորս կողմերում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում: Անցյալում բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները: Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու չափանիշները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է Հայաստանի շենացման իր վերընթաց ուղին: Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և մեր երկրի անխափան զարգացման:

Ցուցադրել ավելի
Back to top button