Հասարակություն

Մայիսմեկյան տոնակատարությունները Արմավիրում. վետերանները հիշում են խորհրդային տարիները

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

Աշխատանքի օրը արմավիրցիների համար սկավում  և ավարտվում է քաղաքի զբոսայգում երկու հնամաշ  կարուսելների, փուչիկների ու խաղալիքների ուղեկցությամբ։

Քաղաքային զբոսայգու տեսքն անացած տարիների համեմատությամբ փոխվել է`  ցանկապատվել է, ամիսներ առաջ տեղադրվել են նոր նստարաններ, խորքային հոր  է հորատվել ու նոր ծառեր են տնկվել:
Ենթադրվում է, որ այն աստիճանաբար ստանալու է նախկին տեսքը և կծառայի բնակիչների հանգստի անցկացման ու տոնախմբություններ նշելու վայր։
Միջին և ավագ սերունդը հիշում է տարիներ առաջ կազմակեպված միջոցառումները: Կարինեն այժմ իր երեխաներին է բերել այգի, իսկ տարիներ առաջ մանկապարտեզի երեխաների հետ փուչիկներով քայլերթի են դուրս եկել ու նշել մայիսի 1-ը, որպես աշխատավորների համերաշխության տոն:
Տոնակատարության օրը  Արմավիրի զբոսայգում էր երիտասարդ ֆրանսիացի  զբոսաշրջիկ Ժուիլիենը, ով հետաքրքրված է մեր հնամենի երկրի մշակույթով ու բարքերով, եղել է մարզի Բագարան սահմանամերձ գյուղում, հյուընկալվել հայկական օջախներում,  ու շատ տպավորված է մարդկանց հյուրասիրությամբ ու անմիջականությամբ:
Նա նշեց, որ Ֆրանսիայում նույնպես նշում են տոնը, սակայն խոնավ ու ցուրտ եղանակն այսպիսի ջերմություն չի հաղորդում մարդկանց:

Խորհրդային Միության տարիներին մայիսմեկյան տոնակատարություններն  ուղեկցվել են  շքերթներով, որին հաջորդել են երկօրյա տոնախմբությունները: Հայրենական մեծ պատերազմի  վետերանների Արմավիրի խորհրդի նախագահ Յուրի Ալավերդյանը  8 տարի ղեկավարել է Հոկտեմբերյանի շրջանային «Կոմունիզմի համար»  թերթը, զբաղեցրել է կոմերիտական և կոմունիսական կուսակցության տարբեր պաշտոններ: Նա  լավ է հիշում նախկին միջոցառումները, որոնք կազմակերպվում էին հենց այս օրը, բովանդակալից էին`  վերածվելով համաժողովրդական տոնի:

Լևիկ Սահակյանը նույնպես նույն ուղին է անցել, կուսակցական պաշտոնյա է եղել, խմբագրել է «Բամբակագործ» թերթը, իսկ 21 տարի ղեկավարել է Նոր  Արմավիրի կոլտնտեսությունը, արժանացել է  ԽՄԿԿ ԿԿ, Մինիստրների խորհրդի  և ՀԱՄԿԽ ԿԿ  փոխանցիկ դրոշին,  ստացել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և 3000 ռուբլի, որը որպես պարգև բաժանվել է կոլտնտեեսության աշխատողներին:

Իսկ այժմ աշխատավորների տոնը վերականգնվել  և միայն հանգստյան օր է դարձել:

Back to top button