Միջազգային

Հռոմի պապ. Մեծ տերությունները «լվացել են ձեռքերը» Հայոց ցեղասպանության ժամանակ

2010 թվականին կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն` Հռոմի ներկայիս պապ Ֆրանցիսկը, ինչպես նաեւ արգենտինացի ռաբբին Աբրահամ Սկորկան «Երկնքի եւ երկրի մասին» վերնագրով գիրք են հրատարակել, որը վերահրատարակվել է 2013 թվականին:

Գրքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կրոնը, աթեիզմը, մահը, աբորտը, Հոլոքոստը, նույնասեռականությունը եւ կապիտալիզմը:

Ինչպես հայտնում է արգենտինական «Diario Armenia»-ն, «Կրոնների մասին» հատվածում Բերգոլիոն գրել է. «20-րդ դարում նրանք հիմնովին քանդել են գյուղեր, քանի որ իրենց աստվածներ են համարել: Թուրքերը դա արել են հայերի հետ, գերմանացիները` հրեաների: Նրանք մարդկանց սպանելու համար օգտագործել են աստվածային ատրիբուտների մասին քննարկումները»:

«Հոլոքոստի մասին» բաժնում կարդինալ Բերգոլիոն գրել է. «Մեծ տերությունները «լվացել են ձեռքերը» եւ ուրիշ կողմ են նայել, քանի որ ավելի շատ բան են իմացել, քան խոսել են, ինչպես որ նրանք Հայոց ցեղասպանության ժամանակ են «լվացել ձեռքերը»: Այդ ժամանակ Օսմանյան կայրությունը հզոր էր, աշխարհը պատերազմի շեմին էր եւ ուրիշ կողմ էր նայում»:

Վերջապես «Կոմունիզմի եւ կապիտալիզմի մասին» բաժնում Խորխե Մարիո Բերգոլիոն ընդգծել է. «Եթե մարդը դրախտի մասին մտածելով չի պայքարում իր իրավունքների համար, նա իսկապես գտնվում է օփիումի ազդեցության տակ: Մարդիկ, ովքեր ենթարկվել են  հետապնդման եւ կոտորածի, ինչպես անցած դարի երեք խոշոր ցեղասպանությունների ժամանակ` հայերի, հրեաների եւ ուկրաինացիների, պայքարել են իրենց ազատության համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button