Հասարակություն

Թե ինչ եւ ինչպես է ասել պատգամավորը Մոսկվայի տան տնօրենին, կպարզի ԱԺ էթիկայի հանձնաժողովը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը  դիմում-բողոք է ստացել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վերաբերյալ: Բողոքը ստացվել էր Մոսկվայի տան տնօրենից, ով պնդում է, որ իր հետ հեռախոսազրույցի ժամանակ պատգամավորն անվայելուչ պահվածք է դրսևորել, կնոջն ու պատգամավորին ոչ վայել արտահայտություններ է թույլ տվել:
«Ռադիոլուրի» հետ զրույցում  ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանը հաստատեց, որ հանձնաժողովը Նաիրա Կարապետյանի վերաբերյալ դիմում է ստացել, բայց դիմումն, ասաց, վարույթ դեռևս չի ընդունվել:

«Որոշակի խնդիրներ կան՝ դիմումին ներկայացվող ձևական պահանջների հետ կապված, ինչի մասին դիմումի հեղինակը կտեղեկացվի, կշտկի, որից հետո հանձնաժողովը կորոշի ընթացքը»:

Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թութունջյանը մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսել էր էթիկայի հանձնաժողով  դիմելու առիթ դարձած միջադեպի մասին: Մասնավորապես՝ նշել էր, որ իր և պատգամավորի խոսակցությունն առնչվել է Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի հատկացման հոգաբարձուների խորհրդի կազմում Գյումրիի մանկավարժական համալսարանի կողմից նոր անդամի նշանակման հարցին:

Հոգաբարձուների խորհրդի նոր անդամի հավակնորդը եղել է պատգամավորի մայրը, ով Գյումրիի մանկավարժական համալսարանի դասախոս է: Հենց նրա թեկնածության շուրջ էլ, ըստ «Մոսկվայի տան» տնօրենի,  ծավալվել է իր և պատգամավորի հեռախոսազրույցը:
Դրա մասնարամսները  նա  հրապարակման համար անհարիր նյութ է համարում՝ նշելով միայն, թե խոսակցությունը վիրավորել է իր արժանապատվությունը:

Նաիրա Կարապետյանն առայժմ հրաժարվում է մեկնաբանել իր դեմ էթիկայի հանձնաժողով ներկայացված դիմումը՝  բավարարվելով ձևակերպմամբ, թե  ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է:

«Միայն մեկ բան կարող եմ ասել. Էթիկայի հանձնաժողովին ես առաջարկելու եմ նիստն անցկացնել դռնբաց։ Ես շարունակելու եմ պնդել դա, իսկ այդ դեպքի հետ կապված միայն կասեմ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է»:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքերի, երբ պատգամավորը, ում առնչվում է դիմումը, առաջարկում է նիստն անցկացնել դռնբաց: Թե երբ կքննարկվի դիմումը , դեռ պարզ չէ։

Հիշեցնենք՝ Էթիկայի  հանձնաժողովը խորհրդարանի համեմատաբար նոր կառույցներից է,  ձևավորվել է հինգերորդ գումարման Ազգային ժողովում: Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝   էթիկայի հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի խախտման ( խոսքը «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ» ձևակերպման մասին է ), շահերի բախման առկայության և  էթիկայի կանոնների խախտման մասին, եթե ստանում է դրանց վերաբերող դիմումներ: Հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք: Դիմումը քննելու համար օրենքը սահմանում է 30-օրյա ժամկետ, անհրաժեշտության դեպքում ավելացվում է ևս 15 օր:

Նախորդ նստաշրջանի ընթացքում էթիկայի հանձնաժողովը 13 դիմում էր ստացել, դրանցի 9-ը մերժել էր, 4 –ը վարույթ էր ընդունել: Վարույթ ընդունած դիմումներից երկուսի դեպքում որոշել էր, որ էթիկայի կանոնների խախտում կա, մեկում խախտում չէր արձանագրել, դիմումներից մեկի վարույթն էլ կարճել էր։

Ցուցադրել ավելի
Back to top button