ԿարևորՀասարակություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքը կոչ է արել Իսրայելի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ուղերձ է հղել Իսրայելի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց պատրիարքը նշել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է Իսրայելը շարունակում հրաժարվել 1,5 միլիոն հայերի կոտորածը թուրքերի կողմից Ցեղասպանություն կոչելուց: Այս մասին տեղեկացնում է «The Jerusalem Post» պարբերականը:

«98 տարվա ընթացքում այսքան ջանք է ներդրվել՝ ստիպելու թուրքերին, ընդունել իրենց իրագործած ցեղասպանությունը, այնինչ` նրանք շարունակում են ժխտել: Եթե Միացյալ Նահանգները ճանաչել է կոտորածները, ապա Իսրայելը պետք է նույնն անի: Ամեն տարի հաղորդագրությունը շարունակվում է, մարդիկ կրկնում են.«Այլևս երբեք», և յուրաքանչյուր տարի իրավապաշտպան կազմակերպությունները մարդու իրավունքների ոտնահարման, ցեղասպանության, սովի և խոշտանգումների վերաբերյալ կրկնում են նույն զեկույցը»,- նշել է Մանուկյանը:

Մանուկյանը մեջբերել է Նապոլեոն Բոնապարտի հետևյալ խոսքերը` «Աշխարհը շատ է տառապում ոչ թե վատ մարդկանց բռնության պատճառով, այլ լավ մարդկանց լռության»:

Պատրիարքի նամակն ընթերցվել է Հրեական համալսարանում` Հայագիտական ծրագրի հիմնադիր, պրոֆեսոր Մայքլ Սթոունի կազմակերպած և Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամյա գիտաժողովի և ոգեկոչման արարողության ժամանակ: Իր ելույթում պրոֆեսոր Սթոունն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանություն նշանակում է ոչ միայն մարդկային սպանդ կամ որևէ ազգի զգալի հատվածի բնաջնջում, այլև մշակույթի, լեզվի, երաժշտության և ժողովրդական սովորությունների բնաջնջում:

Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը դատապարտել է Իսրայելի Քնեսեթում կառավարության ներկայացուցիչ, նախարարի տեղակալ Օֆիր Ակունիսի այն հայտարարությանը, թե «Իսրայելը երբեք չի ժխտել կոտորածները, սակայն այն ցեղասպանություն որակելու որոշումը պետք է կայացվի բաց բանավեճի արդյունքում»:

Միջոցառման հիմնական բանախոսներից էր Քնեսեթի նախկին անդամ Յաիր Ցաբանը, ով իսրայելցի առաջին օրենսդիրն էր, որ հանձն առավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Իր ելույթում Ցաբանը վերհիշել է Բենիամին Նեթանյահուի խոսքերը` ԱԳ փոխնախարար եղած ժամանակ:

«Կան բաներ, որ վեր են քաղաքականությունից և դիվանագիտությունից, Հայոց ցեղասպանությունը դրանցից է: Ոչ քաղաքականությունը և ոչ էլ դիվանագիտությունը չպետք է արգելք հանդիսանան մեզ համար բացահայտելու զոհերին»,- նշել էր Նեթանյահուն: «Ցավոք սրտի, որպես վարչապետ նա հակված չէ ընդունելու Հայոց ցեղասպանությունը»,- հավելել է նախկին օրենսդիրը:

Ցաբանը նաև իր բողոքն է հայտնել, թե որքան արագ է Իսրայելը մոռացել հրեաների օգնության աղերսանքը և մերժումը, որ ստացել են, քանի որ նրանց օգնելը չի բխել մյուս ազգերի շահերից: Ըստ նրա` Իսրայելն այդքան զգայուն լինելով Հոլոքոստի ժխտման, ռասիզմի և նեոնացիզմի բոլոր դրսևորումերի նկատմամբ, այնուամենայիվ, չի կարողանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` իր քաղաքական ու դիվանագիտական շահերը չվնասելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button