Հասարակություն

ՀՔԾ-ն հաստատել է բարձրաստիճան ոստիկանների դեմ քրեական գործի առկայությունը

Ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: «Փաստինֆո» գործակալության թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: ՀՔԾ-ից նաև տեղեկացրել են, որ քրեական գործի հիմք հանդիսացած նյութերը ստացել են օրերս։ «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում, և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վաշխառություն»,- տեղեկացնում են ՀՔԾ-ից։

Անուններ կամ այլ մանրամասներ քրեական գործի մասին ՀՔԾ-ն չի հրապարակում՝ նշելով, որ քննության շահերից ելնելով նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Իսկ մամուլում խարդախություններով և շորթումներով զբաղվող խմբի որպես ակտիվ դերակատար նշվել է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, շոշափվում է նաև Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը։

Ցուցադրել ավելի
Back to top button