ԿարևորՀասարակություն

Կլոր սեղան` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի եզափակիչ դիտարկումների իրականացման վերաբերյալ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպել է կլոր սեղան ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի եզափակիչ դիտարկումների իրականացման վերաբերյալ: Հանձնաժողովը կոչ է արել Հայաստանին ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր մանդատի ամբողջական և անկախ իրականացման համար:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը բավարար չէ, կլոր- սեղան քննարկման ժամանակ բարձրաձայնեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: 2012 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հաստատել է իր եզրափակիչ դիտարկումները քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրի` Հայաստանում իրականացնելու մասին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը բարձրաձայնել է իր մտահոգությունները սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման աճող միտումների վերաբերյալ, նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ավելորդ ուժի կիրառման դեպքերում հաշվետվողականության բացակայության, կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրենքների վերաբերյալ:
«Խնդիրները, որոնք բարձրացվել են հանձնաժողովի կողմից հաշվի կառնվեն և դրանք այնպիսի խնդիրներ են, որոնք իսկապես կարծում ենք հնարավոր է և իրատեսական է փոխել այսօր»:

Պաշտպանի գրասենյակին մեկ տարվա լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ է 65 մլն դրամ: 2014 թվականին նշված գումարը ստանալով բարձրացված խնդիրները կարելի է համարել լուծված, ասում է Անդրեսյանը:
Մինչ այս գրասենյակը բացը լրացրել է Եվրոմիության, ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Օմբուդսմենի ձևակերպմամբ` իրենք հրաժարվում ենք միջազգային դրամաշնորհներից, և կարծիք հայտնում, որ իրենց պետք է ֆինանսավորի մեր հասարակությունն ու պետական բյուջեն: Իսկ եվրոպացի գործընկերները մեզ մասնագիտական աջակցություն պետք է տրամադրեն, ասում է Կարեն Անդրեասյանը: Օմբուդսմենի գրասենյակն ունի որոշ լիազորություններ, որոնք չի կարողանում լիարժեք իրագործել` օրենքում առկա տեխնիկական բացերի պատճառով:

Այժմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշակում է օրենսդրական փաթեթ, որը կներկայացնի սեպտեմբերին և եթե օրենքն առանց փոփոխությունների հաստատվի, ապա օմբուդսմենի խոսքով` իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում իրենք գոհ կլինեն և ֆինանսական և օրենսդրական լիազորություններից: Եվրոպացի գործընկերների կարծիքով` մեր գրասենյակը եվրոպական չափանիշներին համապատասխան կայացած կառույց է, սակայն կատարելագործման կարիք կա:

Ցուցադրել ավելի
Back to top button