ԿարևորՔաղաքական

Եվրախորհրդարանի պատգամավորների հանդիպումները շարունակվում են. Ադրբեջանը զայրացած է

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի խոսնակ Օքտայ Ասադովը դիմելու է  Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ինչի մասին բարձրաձայնել է խորհրդարանի այսօրվա նիստում։

Նա նշել է, որ դիմումը կապված է «հայկական Սփույռքի կողմից կաշառված Եվրախորհրդարանի պատգամավորների» հետ։

Նրան դուր չի եղել Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ղարաբաղյան խնդրին առնչվող հայտարարությունները, որոնք «հակասում են միջազգային նորմերին»։

Խոսնակն ընդգծել է, որ պետք է կոշտ դիրքորոշում դրսեւորվի միջազգային կազմակերպությունների նկատմամբ, որոնք երկակի չափանիշեր են կիրառում Ադրբեջանի նկատմամբ։

 

Իսկ ահա Եվրախորհրդարանի պատգամավորների հանդիպումները շարունակվում են արդեն Երեւանում։

Այսօր նրանց ընդունել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա կարևորել է նման այցելությունները, որոնք նպաստում են ԵԽ-Հայաստան կապերի ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել պատգամավորներին այն ջանքերի համար, որ ներդրվում են Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհին:

Վեհափառ Հայրապետը նաև պատասխանել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում  առնչվում էին Հայ Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների հետ, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների ջանքերին և հասարակության կյանքում կրոնի և հոգևոր արժեքների դերակատարությանը:

Եվրախորհրդարանի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբակցության անդամներին այսօր ընդունել է նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին:

Խորհրդարանականների խնդրանքով՝ նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:

Back to top button